Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերությունների կարգավորման համար լուրջ քաղաքական-դիվանագիտական ջանքեր են պահանջվում: Այս մասին «Կովկասի տարածաշրջանում ՀԱՊԿ-ի դերը» թեմայով կլոր սեղան-քննարկման ժամանակ հայտարարեց ՀԱՊԿ քարտուղարության ներկայացուցիչ Իգոր Պանարինը:

Նա հավելեց, որ լավատեսություն է առաջացնում ղարաբաղյան հակամարտության գոտում լարվածության նվազեցումը՝ երկու երկրների ղեկավարների կառուցողական երկխոսության, ինչպես նաեւ միջազգային միջնորդների ջանքերի շնորհիվ:

«Հայաստանի առանձնահատկությունն այն է, որ այն սահմանակից է Թուրքիայի հետ, որտեղ իրավիճակը սուր է՝ կապված ներքաղաքական պայքարի եւ թուրք զինվորականների ու Քրդական բանվորական կուսակցության կազմավորումների միջեւ ձգձգվող զինված բախումների պատճառով: Բացի այդ, Հայաստանը սահմանակից է Իրանի հետ, որտեղ եւս իրավիճակը բարդ է»,- նշեց Պանարինը:

Նրա խոսքով՝ մտահոգիչ գործոն է նաեւ տարածաշրջանում ԱՄՆ հսկողության տակ գտնվող կենսալաբորատորիաների հարցը:

ՀԱՊԿ պաշտոնյան նկատեց, որ Վաշինգտոնն ակտիվորեն աշխատում է տարածաշրջանում իր ակտիվությունն ամրապնդելու ուղղությամբ: «Թբիլիսին Կովկասում հակառուսական ճակատի դեր է խաղում՝ Արեւմուտքից ֆինանսական աջակցություն ստանալով ռազմական կարիքների համար: Բացի այդ, վրացական նավահանգիստներ են հաճախ ժամանում ԱՄՆ եւ ՆԱՏՕ-ի երկրների ՌԾՈւ նավերը՝ ցույց տալով Սեւ ծովի ավազանում իրենց ներկայությունը»,- ասաց Պանարինը: