Հայաստանի եւ Վրաստանի պաշտպանության նախարարությունների միջեւ ստորագրվել է 2020 թվականի համագործակցության ծրագիր: Փաստաթուղթը ստորագրվել է Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Գարիբաշվիլիի Երեւան պաշտոնական այցի շրջանակում:

Հանդիպման արդյունքներով ճեպազրույցի ժամանակ Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նշեց, որ հանդիպման ժամանակ քննարկվել են երկու երկրների միջեւ հարաբերությունները երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերով: Արձանագրելով երկու ժողովուրդների բազմադարյա բարեկամությունը եւ համագործակցությունը քաղաքական, ռազմական, տնտեսական ու մշակութային ոլորտներում՝ Դավիթ Տոնոյանը հայտնեց, որ հանդիպման արդյունքներով ստորագրվել է ՊՆ-երի միջեւ 2020 թվականի համագործակցության ծրագիր: Ծրագիրը նախատեսում է համատեղ միջոցառումներ ռազմական, կրթական, սոցիալական պաշտպանության, խաղաղապահ գործունեության եւ լեռնային պատրաստվածության ոլորտներում: Կողմերը նաեւ պայմանավորվել են այլ ոլորտներում համագործակցության ընդլայնման շուրջ, որոնք դեռեւս ծրագրի մեջ չեն մտել:

Նախարարը հավաստիացրեց, որ Հայաստանն ու Վրաստանը ընդունում եւ հարգում են մեկը մյուսի արժեքային համակարգերը, ինչպես նաեւ որոշումները՝ ուղղված անվտանգության ապահովմանը եւ ավելի անվտանգ ու բարգավաճ Հարավային Կովկասի ստեղծմանը բերած ավանդը: