Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է ԵՏՄ-ում հռչակվող  ազատությունների անբավարարության մասին։ Համապատասխան հայտարարությունները նա արել է այսօր Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչի հետ հանդիպման ժամանակ, հայտնում է ԲԵԼՏԱ-ն։

«Այն ազատությունները, որ մենք մի ժամանակ հռչակում էինք, այսօր գործնականում չկան։ Կամ դրանք կան, մեղմ ասած, ոչ ամբողջ ծավալով։ Ենթադրենք, ապրանքների, ծառայությունների, աշխատուժի եւ կապիտալի ազատ տեղաշարժ։ Դա մեր միության կառուցման հիմքն է։ Մենք մինչ այժմ դա չունենք։ Եւ գիտե՞ք ինչու՝ թքողականություն, որը հիմնված է առանձին պետությունների ինչ-որ անտարբերության վրա։ Մյուսներն իրենց տեսնում են այլ միությունում, պարզապես ալարկոտ ընկած են ԵՏՄ-ում եւ սպասում որեւէ հարմար պահի, որ դուրս պրծնեն այնտեղից։ Կամ հենց այնպես՝ թող էլի ընկած մնանք այստեղ»,- հայտարարել է բելառուսական առաջնորդը

«Այդ պատճառով պետք է իրականացվեն թեկուզ այդ դասական միասնական սկզբունքները։ Դա առայժմ չկա»,- ընդգծել է նա։

Ալեքսանդր Լուկաշենկոն տվյալներ է բերել, որ ԵՏՄ-ում այժմ կա 14 բռնագրավում, 37 սահմանափակում եւ 15 արգելք։ «Դրանք վաղուց պետք էր հանել։ Հակառակ դեպքում՝ ինչ հետաքրքրություն այս միությունում։ Ինչն է մեզ պահում միությունում, եթե շուրջը խոչընդոտներ են, արգելքներ ու բռնագրավումներ։

Նա ընդգծել է, որ միությունը կառուցվում է այն բանի համար, որպեսզի հավասար պայմաններ ստեղծվեն մարդկանց ու ընկերությունների համար։ «Սակայն այն ժամանակվանից, երբ սկսել ենք միության կառուցումը, մենք ավելի ու ավելի ենք հեռանում այդ հավասար պայմաններից։ Ավելին, սկսվում են անհասկանալի պահանջներ եւ հարկադրանքներ, մենաշնորհներ», ընդգծել է Բելառուսի նախագահը։