Սաուդցի մանկաբույժ Սուլեյման Աբդուլազիզ ալ-Հաբիբը կդառնա աշխարհի եզակի բժիշկներից մեկը, որն ունի ավելի քան 1 մլրդ դոլար կարողություն, հաղորդում է Bloomberg-ը: Գործակալության տվյալներով՝ առաջնային հանրային առաջարկից (IPO) հետո Dr. Sulaiman Al Habib Medical Group-ի արժեքը կկազմի 8,5 մլրդ ռիյալ՝ 2,3 մլրդ դոլար, հաղորդում է ՌԲԿ-ը:

Բժիշկ ալ-Հաբիբը կդառնա Սաուդյան Արաբիայում այն եզակի միլիարդատերերից մեկը, ով կապեր չունի թագավորական ընտանիքի հետ: Bloomberg Billionaires Index-ում այժմ ներառված են 4 տեղացի միլիարդատերեր, որոնցից ամենահարուստը Սաուդյան Արաբիայի թագավոր Սալմանն է եւ արաբ ամենահաջողակ ներդրողներից մեկը՝ արքայազն Ալ-Վալիդ իբն Թալալ Ալ Սաուդը, որում կարողությունը գործակալությունը գնահատում է 14,4 մլրդ դոլար: Քառյակում է նաեւ արքայազն Սուլթան իբն Մուհամմեդ իբն Սաուդ Ալ Քաբիրը, ում կարողությունը գնահատվում է 5,02 մլրդ դոլար:

2018 թվականին Forbes-ը Սաուդյան Արաբիայի ներկայացուցիչներին բացառել է միլիարդատերերի ցուցակից՝ դա բացատրելով նրանց ակտիվների մասին օբյեկտիվ տեղեկատվության բացակայությամբ:

Bloomberg-ը նշում է, որ 68-ամյա ալ-Հաբիբը հիմնել է իր ցանցը 1993 թվականին, իսկ մինչ այդ եղել է Էր Ռիադի երկու պետական հիվանդանոցներում մանկաբուժական բաժնի գլխավոր բժիշկ եւ ղեկավար: Գործակալությունը նշում է, որ 1 մլրդ դոլար կարողություն ունեն շատ քիչ բժիշկներ, նրանցից ամենահարուստը HCA Healthcare-ի համահիմնադիր, ամերիկացի վիրաբույժ Թոմաս Ֆրիստն է (Bloomberg-ը նրա կարողությունը գնահատում է 12,7 մլրդ դոլար) եւ ՀԱՀ-ից վիրաբույժ, Abraxane հակաքաղցկեղային դեղի հայտնագործող Պատրիկ Սինսյանը (9,18 մլրդ դոլար):