Եվրասիական տնտեսական միության եւ Եվրամիության ինտեգրման անհրաժեշտության հարցը Ղազախստանը միշտ եւ ամենուրեք բարձրացրել է, այդ թվում Արեւմուտքում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանում Ղազախստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Թիմուր Ուրազաեւը:

Նա նշեց երկու ինտեգրացիոն միավորումների միջեւ շփման կետերի որոնման կարեւորության մասին:

«Ղազախստանը եւ Հայաստանը ԵՄ-ի հետ ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր են կնքել: Սակայն ԵՄ-ի եւ ամենից հաճախ Ռուսաստանի միջեւ աշխարհաքաղաքական խոչընդոտների առկայությունը հետք է թողնում երկու Միությունների միջեւ սերտ համագործակցության հնարավորություն վրա: Չնայած դրան՝ կարելի է մտածել ԵՄ-ի եւ ԵԱՏՄ-ի ինտեգրման շուրջ»,- հավելեց դեսպանը:

Հիշեցնենք, որ օրերս Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը ԵԱՏՄ կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչի հետ հանդիպման ընթացքում ԵՄ-ԵԱՏՄ ինտեգրման անհրաժեշտության մասին կարծիք հայտնեց: