ՊԵԿ ոչ առեւտրային կազմակերպությունների հսկողության բաժնի գլխավոր մասնագետ Արման Ղազարյանը չի կիսում հասարակական կազմակերպության ներկայացուցիչների այն մտահոգությունները, թե «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքում կատարվող փոփոխությունները կատարվում են հասարակական միավորումների ազատությունը սահմանափակելու համար:

Նշենք, որ ՊԵԿ նախագծով նախատեսված փոփոխությունների համաձայն՝ հասարակական կազմակերպությունները պետք է ներկայացնեն հաշվետվություն, որպեսզի նրանց աշխատանքն ավելի թափանցիկ լինի:

Դիտարկմանը, որ այս փոփոխությունը վերահսկողության լրացուցիչ լծակ է տալիս իշխանություններին, եւ զարմանալի է, որ նման նախագիծ է բերվում հեղափոխությունից հետո, ՊԵԿ ներկայացուցիչն ասաց. «Թույլ տվեք այդ բնորոշումների հետ չհամաձայնել, այստեղ նման մեխանիզմներ չեմ տեսնում: Նման արտահայտությունների հեղինակները թող ցույց տան մեխանիզմը, որով պետք է ՀԿ-ների նկատմամբ ռեպրեսիվ գործողություններ տեղի ունենան: Ես ինքս նման մեխանիզմ չեմ տեսնում եւ նման նպատակ չի եղել»:

Հարցին, թե ի՞նչ լրացուցիչ տեղեկատվություն է տալիս այս հաշվետվությունը, որը նախկինում չի եղել, նա պատասխանեց. «Մենք խոսում ենք այն կազմակերպությունների մասին, որոնք հնարավորություն ունեն իրենց մասին հայտնելու: Այսօր կան կազմակերպություններ, որոնք նման հնարավորություն չունեն, եւ նրանց գործունեության մասին տեղեկատվություն չենք կարողանում հրապարակել: Փաստացի մենք ստեղծում ենք մի հարթակ, որի միջոցով հասարակական միավորումները հնարավորություն կունենան իրենց գործունեության մասին հաշվետվություններ հրապարակել: Դրանք իրենց մեջ չեն ներառում ֆինանսական տեղեկություններ, դրանք տեղեկատվական բնույթի հաշվետվություններ են, եթե հանրային միջոցներից ֆինանսավորում չկա: Եթե կա հանրային միջոցներից ֆինանսավորում, ապա, այո, կան ֆինանսական տեղեկություններ եւ դրանք պարտադիր տեղեկություններ են, որպեսզի հանրությունն իմանա, թե այն գումարները , որոնք տրամադրվում են ՀԿ-ներին, ինչ ուղղություններով են ծախսվում, նպատակը որն է»,- ընդգծեց նշեց Արման Ղազարյանը:

Նա հստակեցրեց, որ մասնավոր աղբյուրներից ֆինանսավորման դեպքում տեղեկատվության պահանջ չկա. «օրենքն էլ թույլ չի տալիս ֆինանսավորողների վերաբերյալ տեղեկատվություն հրապարակել: Բոլոր հիմնադրամները պարտավոր են ներկայացնել հաշվետվություն, սակայն  ֆինանսավորողի վերաբերյալ տեղեկատվություն չեն հրապարակում»:

Արման Ղազարյանը տեղեկացրեց, որ հաշվետվությունը թերի կամ ոչ ժամանակին ներկայացնելու դեպքում, վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրով սահմանված են պատասխանատվության միջոցներ, առաջինը՝ նախազգուշացում եւ ծանուցում մեկամսյա ժամկետում հաշվետվությունները հրապարակել, հակառակ դեպքում կտուգանվեն 50.000 դրամի չափով:

Իսկ եթե անտեսվում է նաեւ այդ պահանջը, ապա տուգանքի չափը սահմանվում է 200.000 դրամ: Այս ամենից հետո, եթե ՀԿ-ները չեն հետեւում պահանջին, ապա լիազոր մարմինը դիմում է դատարան՝ կազմակերպությունը լուծարելու պահանջով: