Մենք աշխատանքներ ենք իրականացնում «խելացի» լուսացույցներով Երևանից դուրս մայրուղիներն ու ավտոճանապարհները ապահովելու ուղղությամբ: Այս մասին փետրվարի 27-ին Ազգային ժողովում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խմբակցության նախաձեռնած  «Ճանապարհային երթեւեկության արդիական խնդիրները եւ դրանց լուծման ուղիները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց ՀՀ Ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանը:

Նախեւառաջ, ասաց Կարապետյանը, իրենք ցանկանում են խելացի լուսացույցներ տեղադրել «Զվարթնոց» օդանավակայան տանող մայրուղու խաչմերուկներում: Կարապետյանը նաեւ հայտնեց, որ աշխատանքներ են տարվում Հայաստանում «խելացի» փողոցների ներդրման ուղղությամբ:

Նշենք, որ «խելացի» են անվանում համակարգչային ծրագրով կառավարվող լուսացույցները: Դա նրանց թույլ է տալիս ինչպես ինքնուրույն որոշումներ կայացնել, այնպես էլ խորհրդակցել այլ լուսացույցների հետ եւ նրանց հետ սինխրոն գործել: