Եվրոպայի 50 նախկին վարչապետներ եւ արտաքին գործերի նախարարներ բաց նամակում քննադատել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի «դարի գործարքը»՝ մերձարեւելյան խաղաղ ծրագիրը՝ հայտարարելով, որ այն կստեղծի ապարտեիդի նման իրավիճակ պաղեստինյան տարածքում:

Նամակում, որը հրապարակել է բրիտանական The Guardian թերթը, նախկին նախարարները մերժել են իսրայելապաղեստինյան հակամարտության կարգավորման Թրամփի ծրագիրը:

Նրանք գրել են, որ Թրամփի ծրագիրը կարող է հրահրել կոնֆլիկտը, քանի որ այն ենթադրում է Իսրայելի զինվորականների կողմից   պաղեստինյան օկուպացված տարածքների զգալի մասի անեքսիա, եւ այդ որոշումն անօրինական է:

«Ծրագիրը նախատեսում է ներկայիս իրողությունների ձեւակերպում պաղեստինյան օկուպացված տարածքներում, որտեղ երկու ժողովուրդները կողք կողքի ապրում են առանց հավասար իրավունքների: Նման արդյունքը կհանգեցնի ապարտեիդի: Ծրագիրը չի ենթադրում պաղեստինցի փախստականների խնդրի արդարացի լուծում»,- ասել են նրանք:

50 քաղաքական գործիչներ, այդ թվում՝ Ֆրանսիայի նախկին վարչապետ եւ արտաքին գործերի նախարար Դոմինիկ դե Վիլպենը, Գերմանիայի նախկին արտաքին գործերի նախարար եւ փոխկանցլեր Զիգմար Գաբրիելը, Մեծ Բրիտանիայի նախկին արտաքին գործերի նախարար Ջեք Սթրոն եւ Իռլանդիայի նախկին նախագահ Մերի Ռոբինսոնը ստորագրել են նամակը:   

Նամակը ստորագրած այլ քաղաքական գործիչների թվում են Ավստրիայի, Բելգիայի, Խորվաթիայի, Չեխիայի, Դանիայի, Էստոնիայի, Ֆինլանդիայի, Լյուքսեմբուրգի, Իտալիայի, Նիդեռլանդների, Նորվեգիայի, Լեհաստանի, Սլովենիայի, Իսպանիայի, Շվեդիայի եւ Շվեյցարիայի նախկին նախարարներ կամ առաջնորդներ:

«Հաշվի առնելով իրավիճակի սրությունը՝ մենք Եվրոպային կոչ ենք անում մերժել ԱՄՆ-ի ծրագիրն ու անհապաղ եւ արդյունավետ միջոցներ ձեռնարկել անեքսիայի սպառնալիքին հակազդելու եւ այդպիսով միջազգային կարգը պահպանելու համար»,- գրել են նրանք: