Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի սրտաբանական բաժանմունքի ինտենսիվ թերապիայի բլոկի աշխատողները, որոնցից բանավոր պահանջել են աշխատանքից ազատման դիմումներ գրել, չեն պատրաստվում այդ քայլին գնալ: NEWS.am-ի հետ զրույցում նրանք պատմեցին, որ դիմել են անգամ Մարդու իրավունքների պաշտպանին՝ իրենց իրավունքների խախտման ահազանգով:

«Մեզնից սպառնալիքով, ահուդողի մեջ պահելով պահանջում են, որ դիմում գրենք, ազատվենք: Ես ասում եմ՝ իմ գործն անթերի կատարում եմ, եթե իմ գործի մեջ թերություն կգտնեք, պարզվի, որ կաշառք եմ վերցրել, կաշառք եմ ուզել, հիվանդին չեմ մոտեցել, չեմ նայել, խնդրեմ, դիմում գրեմ, ազատվեմ, հակառակ դեպքում՝ ինչո՞ւ  ազատվեմ: Մեր փոխտնօրենն էլ ասում է՝ դա տնօրենի հրամանն է: Թե չէ, ասում է՝ մենք այլ քայլի կդիմենք, այնպիսի բաներ կգրենք ազատման մեջ, որ դուք ոչ մի տեղ չեք կարող ընդունվել աշխատանքւ»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց կրտսեր բուժաշխատող Անուշ Առաքելյանը՝ նշելով, որ իրեն պատճռաբանել են, թե փետրվարի 22-ին իր հերթապահության ժամանակ  պարտականությունները չի կատարել եւ բացակայել է «պոստից»:

Անուշ Առաքելյանի պնդմամբ՝ այդպիսի բան չի եղել, ինչի մասին բազմաթիվ ապացույցներ ու վկաներ կան, այդ թվում տվյալ հերթապահության ժամանակ իրենց բաժանմունք դիմած մի հիվանդների հարազատները: Այդ փաստերին, նրա խոսքով, սակայն, տնօրինությունը ուշադրություն չի դարձնում:

Բուժքույր Նաիրա Կարապետյանը նշեց, որ ինքը նույնպես չի գրելու, քանի որ վստահ է՝ ոչ մի խախտում թույլ չի տվել:

«Բանավոր կերպով ինձ հրամայված է, որ ես ամսի 1-ով դիմում գրեմ: Պատճառաբանում են, թե ես քնել եմ, «շիրման» դրել եմ, բայց հիվանդն է դա պահանջել: «Շիրման» դնում ենք, քանի որ տարբեր սեռերի հիվանդներ են պառկած, որոնց հետ գործողություններ ենք կատարում, որպեսզի այդ ամենը բոլորի համար տեսանելի չլինի»,- ասաց նա:

Նշենք, որ բուժաշխատողները բողոքում են, որ իրենց ստիպում են աշխատանքից ազատման դիմումներ գրել՝ ներկայացնելով պատճառներ, որոնց հետ իրենք համաձայն չեն: Նրանք կարծում են՝ այդ պատճառները անհիմն են եւ իրական պատճառը նոր տնօրենի սկսած կադրային ջարդն է, որն ուղղված է բոլոր նրանց նկատմամբ, որոնք աշխատել են նախկին տնօրենի հետ: Աշխատողների խոսքով՝   3 տասնյակ բուժաշխատողների նման բանավոր պահանջ է ներկայացվել: