ՀՀ արտաքին գործերի նախարարությունում այսօր՝ փետրվարի 27–ին, կայացել է կորոնավիրուսի համաճարակի կանխարգելման հարցով հանդիպում՝ Հայաստանում հավատարմագրված դեսպանների մասնակցությամբ։ Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ (նախարարի պաշտոնակատար) Ավետ Ադոնցը, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը և նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԳՆ լրատվական ծառայությունից։

Նախարար Թորոսյանն իր խոսքում ներկայացրել է ՀՀ իշխանությունների կողմից ձեռնարկվող քայլերը՝ վիրուսի դեմ պայքարի, այդ թվում նաև Հայաստան ժամանող ուղևորների մոտ սահմանային կետերում հիվանդության հայտնաբերման դեպքերում տարածման կանխարգելման ուղղությամբ։ Նախարարի խոսքի ավարտին դեսպաններն իրականացվող քայլերի շուրջ հարցեր են ուղղել Արսեն Թորոսյանին։

Հանդիպմանը ելույթով հանդես է եկել նաև Հայաստանում Չինաստանի դեսպան Թիան Էրլունը, որը ներկայացրել է համաճարակի շուրջ իր երկրում վերջին վիճակագրությունը՝ հայտնելով, որ ապաքինվածների թիվը համեմատական կարգով օրեցօր աճում է և Չինաստանի իշխանություններն ակնկալում են ընթացիկ գարնանն արդեն իսկ կանխել վիրուսի տարածումը։

ՀՀ-ում Իտալիայի դեսպան Վինչենցո դել Մոնակոն ներկայացրել է Իտալիայում համաճարակային իրավիճակը՝ նշելով, որ երկրում վարակվածների թիվը գերազանցել է 400-ը, սակայն և՛ քանակային, և՛ տարածքային իմաստով վիճակագրությունը չնչին է և չի գերազանցում տոկոսի տասներորդական մասը։

Հայաստանում Միավորված ազգերի կազմակերպության մշտական համակարգող Շոմբի Շարփը տեղեկացրել է կազմակերպության կողմից ձեռնարկվող քայլերի մասին։

Հանդիպման արդյունքներն ամփոփվել են առողջապահության նախարարի կողմից, իսկ Ավետ Ադոնցը հայտարարել է, որ դիվանագիտական ներկայացուցչությունների մասնակցությամբ նմանատիպ հանդիպումները կկազմակերպվեն կանոնավոր կերպով՝ ըստ անհրաժեշտության։