Եվրոպական միության պետություններից ոչ մեկը չի պատրաստվում SARS-CoV-2 կորոնավիրուսի տարածման պատճառով սահմանային անցակետ մտցնել Շենգենյան գոտու ներսում։ Այս մասին հայտարարել են Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունում։ Միաժամանակ, բոլոր երկրները, որոնք միացել են Շենգենյան համաձայնագրին, շարունակում են հսկողության սովորական ռեժիմ իրականացնել արտաքին սահմաններին, սակայն այն անձանց ուժեղացված հսկողությամբ, որոնք վերադառնում են վարակի տարածքներից, հավելել են Եվրահանձնաժողովում, հայտնում է DW-ը։

ԵՄ-ում SARS-CoV-2-ի տարածումը զսպելու հարցում սահմանային հսկողությունն անարդյունավետ միջոց են համարում։ «Սահմանները չեն կանգնեցնում վիրուսը»,- նշել է ԵՄ պաշտոնյաներից մեկը եւ պարզաբանել, որ եթե COVID-19-ի ախտանշաններով մարդը արդեն հասել է սահմանային անցակետ, ապա կորոնավիրուսը կտարածվի անկախ այն բանից, թե հիվանդին կուղարկեն հետ, որտեղից նա եկել է։

Եվրոպայում կորոնավիրուսն ամենաշատը տարածվել է Իտալիայի հյուսիսային շրջաններում։ Գերմանիայում հիվանդությունը գրանցվել է արդեն մի քանի հողերում, որի հետեւանքով իշխանությունները խոսել են համաճարակի սկսվելու մասին։

Եվրոպայում կորոնավիրուսի տարածման նոր օջախների առաջցման վտանգը ԵՄ-ում գնահատում են միջինից մինչեւ բարձր։ Իսկ SARS-CoV-2-ի տարածման վտանգը ամբողջ ԵՄ-ում էականորեն քիչ՝ ցածրից մինչեւ միջին։

Աշխարհում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 82 000 մարդ՝ 48 երկրներում եւ երեք տարածքներում (Հոնկոնգ, Մակաո, Թայվան)։ Մահացածների ընդհանուր թիվն անցել է 2800-ից։