ԱՄՆ հատուկ ծառայությունները հետեւում են կորոնավիրուսի գլոբալ տարածմանը՝ մտավախություն ունենալով՝ կապված Հնդկաստանի իրավիճակի հետ, հաղորդում է Reuters-ը:

Չնայած նրան, որ Հնդկաստանում կորոնավիրուսի մի քանի դեպք է գրանցվել, աղբյուրներից մեկը հայտնել է, որ երկրում առկա կոնտրմիջոցները՝ հաշվի առնելով Հնդկաստանի խիտ բնակչությունը, լուրջ մտահոգություն են առաջացնում:

ԱՄՆ հատուկ ծառայություններն ուշադրությունը կենտրոնացնում են նաեւ Իրանի վրա: ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ավելի վաղ հայտարարել է, որ ԱՄՆ-ը «խորապես մտահոգված է», որ Թեհրանը, հավանաբար, թաքցրել է կորոնավիրուսի տարածման մանրամասները:

ԱՄՆ կառավարության աղբյուրը հայտնել է, որ Իրանը նվազագույն հնարավորություններ ունի վիրուսի բռնկմանն արձագանքելու համար:

Կորոնավիրուսի համաճարակին հակազդելու գործում ԱՄՆ հատուկ ծառայությունները սերտորեն համագործակցում են առողջապահության հաստատությունների հետ:

Աղբյուրներից մեկը հայտնել է, որ ԱՄՆ հատուկ ծառայություններն օգտագործում են հետախուզական գործիքների լայն շրջանակ՝ գաղտնի տեղեկատուներից մինչեւ էլեկտրոնային գաղտնալսման միջոցներ՝ վիրուսի ազդեցությանը հետեւելու համար: