Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի տան նախկին աշխատակիցը հայց է ներկայացրել նրա կնոջ՝ Սառայի դեմ աշխատանքի ժամանակ «պատճառած ցավի եւ տառապանքների համար», հաղորդում է AP-ը հղում անելով նրա փաստաբանին:

Փաստաբան Օֆեեր Շիմսոնի խոսքով՝ իր հաճախորդը 190 000 դոլարի չափով փոխհատուցում է պահանջում Սառա Նեթանյահուից: Ֆրանսիայից գաղթած 50 տարեկան կինն աշխատել է Նեթանյահուների տանը 5 ամիս՝ մինչեւ անցած տարվա նոյեմբեր:

Փաստաբանը նշել է, որ կինը օրագրում մանրամասն նկարագրել է վարչապետի կնոջ վիրավորանքները:

«Նա շատ է սիրում վարչապետին եւ նրանց տանն իր աշխատանքը համարում էր ազգային ծառայության ձեւ»,- ասել է Շիմսոնը:

Սառա Նեթանյահուին ավելի վաղ եւս քննադատել են անձնակազմի հետ կոշտ վերաբերմունքի, չափից շատ ծախսերի, անձնական շահերից ելնելով պետական միջոցների օգտագործման համար:

2016 թվականին դատարանը վճռել է, որ վարչապետի կինը կոպիտ վերաբերմունք է ցուցաբերել հավաքարարի նկատմամբ եւ պարտավորեցրել 42 000 դոլարի չափով փոխհատուցում վճարել:

Վարչապետի կինը նախկին աշխատակցուհուն արգելել է աշխատանքի ժամանակ ուտել կամ խմել եւ պահանջել է, որպեսզի նա օրական 10 անգամ փոխի հագուստը, 10 անգամ լվանա ձեռքերը:

Նեթանյահուները հերքել են մեղադրանքները՝ դրանք անվանելով իրենց ընտանիքի դեմ արշավի մի մաս: