Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած պատվիրակությունն այսօր՝ փետրվարի 28-ին, այցելել է նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին:

Նրան ուղեկցել է ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը: Այնուհետեւ նրանք ուղեւորվել են դեպի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ:

Նշենք, որ Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած պատվիրակությունը երկօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանել փետրվարի 27-ին:

Նախօրեին Հայաստանի ՊՆ-ում երկու երկրների նախարարները առանձնազրույց են ունեցել, որին հաջորդել է պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը:

Քննարկվել են միջազգային և տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը,  պաշտպանական ոլորտում երկու երկրների համագործակցությանն առնչվող հարցեր, ինչպես նաև Հայաստանի և Վրաստանի մասնակցությամբ բազմակողմ ձևաչափով փոխգործակցության հնարավորությունները։

Դավիթ Տոնոյանը և Իրակլի Ղարիբաշվիլին ստորագրել են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Վրաստանի պաշտպանության նախարարության միջև պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության 2020թ․ ծրագիրը։

Հանդիպման արդյունքներով երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ: