ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը չի կարծում, թե Իդլիբի իրադարձություններն ընկնում են ՆԱՏՕ-ի կանոնադրության որեւէ հոդվածի տակ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Այնտեղ կա 5-րդ հոդված, որը նվիրված է իրադարձություններին, երբ ՆԱՏՕ-ի անդամներից մեկի դեմ հարձակում է իրականացվում, եւ այդ ժամանակ ուժի մեջ է մտնում խորհրդակցությունների, պատասխան գործողությունների մեխանիզմը: Չեմ կարծում, թե այն, ինչ այսօր տեղի է ունենում Սիրիայում, ընկնում է ՆԱՏՕ-ի կանոնադրության որեւէ հոդվածի տակ»,- ասել է Լավրովը:

Նրա խոսքով՝ Անկարայի եւ Մոսկվայի միջեւ սիրիական կարգավորման եւ Իդլիբի իրավիճակի հարցով պահպանվում է երկխոսությունը: «Ռուս եւ թուրք զինվորականների միջեւ մտշական, ամենօրյա շփում է իրականացվում՝ հաշվի առնելով Իդլիբի ապաէսկալացիայի գոտու ստեղծման շուրջ համաձայնությունները: Թուրք զինվորականները ամեն օր, նույնիսկ օրական մի քանի անգամ թշնամական կողմերի հաշտեցման մեր կենտրոնին տեղեկացնում են, թե այդ պահին որտեղ են գտնվում թուրք զինվորականները: Այդ կոորդինատները, բնականաբար, փոխանցվում են սիրիացի զինվորականներին»,- ասել է Լավրովը:

«Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է: ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ հոդվածն ասում է, որ «ՆԱՏՕ-ի անդամ երկրներից որեւէ մեկի վրա հարձակումը կդիտարկվի որպես ՆԱՏՕ-ի վրա հարձակում»»,- հավելել է նա:   

Իդլիբում իրավիճակը սրվել է այն բանից հետո, երբ փետրվարի 27-ին «Հայաթ Թահրիր աշ-Շամ»-ի ահաբեկիչները լայնամասշտաբ հարձակում են սկսել սիրիական կառավարական զորքերի դիրքերի վրա: ՍԱՀ բանակը պատասխան կրակ է բացել:

Արդյունքում Թուրքիայի բանակի 33 զինծառայող է մահացել, վիրավորվել է ավելի քան 30 մարդ: