Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը հայտարարել է սահմանային հսկողության խստացման մասին` միգրանտների հոսքերի խնդրի լուծման նպատակով, հայտնում է Kathimerini-ն:

Ավելի խիստ հսկողության միջոցառումներ սահմանելու համար Միցոտակիսը Առեւտրային նավատորմի նախարարությանը եւ նավահանգստային իշխանություններին հանձնարարել է զգալիորեն ավելացնել նավերի եւ պարեկային ոստիկանների քանակը Էգեյան ծովի արեւելյան հատվածի կղզիների մոտ: «Համաձայն միջազգային իրավունքի` մենք կամրապնդենք վերահսկողությունն ինչպես ծովային, այնպես էլ ցամաքային մասում»,- ասել է Միցոտակիսը` հավելելով, որ նա արդեն տեղեկացրել է Եվրահանձնաժողովին իր որոշման մասին, որը պետք է դիտարկվի որպես «առողջության պաշտպանության միջոց ամբողջ Եվրոպայի համար»:

Նա ասել է, որ Թուրքիային եւս կտեղեկացնեն, որ Հունաստան մեկնող միգրանտների լեզուներով միջազգային արշավ կմեկնարկի` նախազգուշացումով, որ երկիրն այլեւս չի կարող ընդունել անօրինական միգրանտներին: