Եթե նայում ենք հիմնական առանցքային ցուցանիշները, ապա 2019 թվականը տնտեսական առումով բավականին լավն էր՝ սկսած տնտեսական աճի ցուցանիշով՝ 7,6 տոկոս: Այս մասին այսօր «2019թ․ տնտեսական արդյունքը եւ 2020թ․ տնտեսական մարտահրավերները» թեմայով քննարկմանն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը:

Նրա խոսքով, սա դա վերջին տասը տարվա ընթացքում արձանագրված ամենաբարձր ցուցանիշն է եւ մեր երկիրն այս առումով առաջատար է տարածաշրջանում:

Նա նշեց, որ տնտեսական աճի կառուցվածքում բարելավելու տեղեր կան, որի ուղղությամբ կառավարությունը շարժվում է. «Երբ նայում ենք, թե հիմնականում որ ճյուղերի հաշվին է այդ աճն ապահովվել, ի հեճուկս այն  կարծիքների, որ տնտեսական աճը ապահովվել է հիմնականում խաղային ոլորտի հաշվին, մենք պաշտոնական տվյալների հիման վրա տեսնում ենք, որ ամենաշատը տնտեսական աճին նպաստել է վերամշակող արդյունաբերությունը: Երկրորդ տեղում ֆինանսական եւ ապահովագրական ծառայությունների ոլորտն է, իսկ կոնկրետ խաղային ոլորտը, որի մեջ մտնում է նաեւ մշակույթը, զվարճությունները, հանգիստը, տնտեսական աճին  նպաստել են մոտ կես տոկոսային կետի չափով»,-ասաց Թունյանը:

Նա հավելեց, որ տարվա ընթացքում նաեւ իրականացվել են որոշակի քայլեր, որոնց արդյունավետությունը տեսանելի կլինի այս տարվա սկզբից, մասնավորապես՝ Հարկային օրենսգրքի փոփոխությունները, նվազագույն աշխատավարձի բարձրացումը, նաեւ միկրոբիզնեսի շեմի բարձրացումը: