Հայաստանը կգնա ատոմակայանի փակմանը միայն համարժեք փոխարինող հզորությունների առկայության դեպքում: Այս մասին այսօր «Ատոմային արդյունաբերության զարգացման հեռանկարները Հայաստանում»  քննարկման ժամանակ ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ատոմային էներգետիկայի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Նունե Ալեքյանը:

Նման հայտարարության համար առիթ էր հանդիսացել ատոմակայանի փակման հնարավորության մասին քննարկման մասնակիցների հարցը` Հայաստանի կողմից Հայաստան-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրման լույսի ներքո. երկիրը ստիպված կլինի փակել ատոմակայանը արդեն 2027 թվականին:
Սակայն Ալեքյանը շեշտեց, որ հայկական կողմն իր եվրոպական գործընկերներին բացատրել է, որ առանց երաշխավորված փոխարինող հզորությունների առկայության դա հնարավոր չէ անել: Նա հավելեց, որ կառավարությունը ջանքեր է գործադրում գործող ատոմակայանի անվտանգ շահագործումն ապահովելու համար:

Իր հերթին, ատոմային էներգիայի բնագավառում «Հայաստանի էներգետիկ գործակալություն» հիմնադրամի ծրագրի ղեկավար Արտյոմ Պետրոսյանը նշեց, որ, էլեկտրաէներգիայի սպառման աճի եւ Փարիզյան կլիմայի պայմանագրով Հայաստանի ստանձնած պարտավորությունների պայմաններում, ատոմային էներգիան երկրի համար ամենաընդունելի լուծումն է: Հայաստանում գոյություն ունեցող վերականգնվող էներգիայի աղբյուրները երաշխավորված փոխարինող չեն, քանի որ դրանք կախված են բնությունից եւ եղանակից: Էներգետիկ կայունության ապահովման եւ առհասարակ Հայաստանի տնտեսության համար անհրաժեշտ է էներգիայի հիմնական արտադրություն ապահովել` միջուկային էներգիայի տեսքով: 2019-ի տվյալներով, ըստ նրա, ատոմակայանների կողմից արտադրված էներգիայի ծավալը կազմել է էլեկտրաէներգիայի ընդհանուր արտադրության 27 տոկոսը: «Սա չնայած այն բանին, որ երկու ամիս ատոմակայանը չի գործել»,- հայտարարեց նա: Պետրոսյանը ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ ատոմակայանների դեպքում սահմանված հզորության տոկոսը 13 է կազմում, բայց, միեւնույն ժամանակ, գործարանը արտադրում է ընդհանուր ծավալի 27 տոկոսը: