Շատ բնական է, որ իշխանությունը միշտ հակված է խոսել դրական զարգացումների մասին, բայց պետք է հասնել նրան, որ հաջողություններից եւ դրական զարգացումներից խոսի բնակչությունը: Այս մասին այսօր «2019թ․ տնտեսական արդյունքը եւ 2020թ․ տնտեսական մարտահրավերները» թեմայով քննարկման ժամանակ նշեց ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը:

Նրա խոսքով, 2019 թվականը Հայաստանի տնտեսական պատմության հաջողված էջերից մեկն է, որը ունի իր բնութագրերերը. «Այստեղ կան լավ բաներ, ավելի քան լավ բաներ, բայց կան նաեւ խնդիրներ, բացասական դրսեւորումներ, որոնք պետք է հենց այսօր կամ երեկ պետք է քննարկման առարկա դարձներինք: Նախորդ տարվա դրական զարգացումների մեջ մեծ նշանակություն ունեին հասարակական սպասումները»,-ասաց Ասատրյանը:

Նա նկատեց, որ բացի քաղաքական դիրքորոշումներից, բացի անգամ կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում խոստումներից, ինստիտուցիոնալ տեղաշարժեր դեռ չկան:

«Ունենք 7,6 % տնտեսական աճ եւ առաջնային զարգացում ապրել են այն ոլորտները, որոնցում հասարակության մասնակցությունն ավելի մեծ է, կամ որտեղ հասարակության սպասումներն ավելի լայն դրսեւորումներ են ունենում: Սա իշխանության առջեւ ավելի լրջանալու պահանջ դնելու շատ լուրջ հայտ է»,- ասաց ԿԲ նախկին ղեկավարը:

Բագրատ Ասատրյանը նշեց, որ երբ նայում է բովանդակային առումով զարգացմանը, ապա չէր ասի, որ 2019-ի առանձին հատվածների զարգացումները պետք է հիացմունքի առարկա լինեն: Նա նշեց, որ իհարկե, շատ լավ է, որ տնտեսական աճի բաղադրիչներից է 9 տոկոս արդյունաբերության աճը, սակայն դրանից հետո գալիս են անհանգստությունները. «Նորից արդյունաբերության մեջ առաջնային տեղում արդյունաբերությունն է` 23-24 տոկոս, մինչդեռ վերամշակող արդյունաբերության աճն ավելի ցածր է եղել»:

Տնտեսագետը նշեց, որ գյուղատնտեսությունը մեզ մոտ մնացորդային բնույթ է կրում, մենք 17-րդ դարից շատ քիչ ենք տարբերվում՝ մի քանի ջերմոց կա, մնացածը մնացել է նույնը:

Բագրատ Ասատրյանը մտահոգիչ համարեց այն, որ ներմուծման ծավալները գերազանցեցին արտահանման ծավալներին:

Տնտեսագետի համար մտահոգիչ է նաեւ այն, որ 2019-ին 11 ամիս պրոֆիցիտ էր, մի բան, որը Հայաստանի պես երկրում չի կարող լինել:

Նա անդրադարձավ նաեւ գնաճին՝ նշելով. «Իհարկե, մեր մեծագույն նվաճումներից մեկը մակրոտնտեսական կայունությունն է, սա նախապայմանն է, բայց մենք չպետք է հիանանք նրանով, որ արդեն որերորդ տարին է ծրագրվածից ավելի ցածր գնաճ ունենք: Գնաճը տնտեսական աճի բաղադրիչներից մեկն է, եւ պետք է ուշադիր, հետեւողական լինենք, որ այդ ցուցանիշները համապատասխանեն տնտեսական աճին»: