Թուրքիան պարտիան տանուլ է տալիս, իսկ նման իրավիճակում Ադրբեջանի ձեռքերով ղարաբաղյան ուղղությամբ իրավիճակը սրելու փորձերը կարող են Անկարային հանգեցնել երկրորդ Իդլիբի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Մերձավոր Արեւելքի եւ Կովկասի խնդիրների փորձագետ Ստանիսլավ Տարասովը:

«Թուրքիան ծուղակում է հայտնվել՝ մնալով հպարտ միայնության մեջ: ՆԱՏՕ-ն՝ ի դեմս ԱՄՆ-ի, կատարում է միայն խորհրդանշական հայտարարություններ, Փարիզն ու Բեռլինը ընդհանրապես լռում են»,- հավելեց փորձագետը:

Նրա խոսքով՝ այսպիսի պայմաններում Էրդողանը դեմքը փրկելու անհրաժեշտություն ունի, եւ այս հարցում նրան կարող է օգնել միայն Պուտինը:

«Հենց նոր տեղի է ունեցել Պուտինի եւ Էրդողանի հեռախոսային զրույցը, հանդիպում է պատրաստվում: Կարծում եմ, որ իրավիճակը կկարգավորվի: Ամենայն հավանականությամբ, վերադարձ կլինի Աստանայի համաձայնագրին: Ընդ որում՝ բացառված չէ, որ դա տեղի կունենա Թուրքիայի կողմից որոշ զիջումներով»,- նշեց նա:

Տարասովը հիշեցրեց, որ խոսքը թուրքական զորքերի եւ սիրիական բանակի դիմակայության մասին է, որն ուղեկցվում է թե՛ մի, թե՛ մյուս կողմից բազմաթիվ զոհերի մասին հայտարարություններով:

«Անկարան պատերազմում է Սիրիայի տարածքում՝ ամբողջությամբ խախտելով Սոչիի հուշագրի կետերը, իսկ Դամասկոսն իր հերթին դիմադրում է եւ կշարունակի դա անել՝ թուրքական սահմանը չանցնելով»,- շեշտեց նա:

Փորձագետը պարզաբանեց, որ նեղուցները փակելու հնարավորության եւ Ս-400-ի տեղակայման մասին տեղեկությունները սպեկուլյատիվ բնույթ ունեն եւ ուղղված են ներքին սպառմանը:

«Պուտինին մեղադրելով՝ Էրդողանը սոսկ ձգտում է թուրքերին ցույց տալ, թե ինքը որքան ուժեղ է»,- ամփոփեց Տարասովը:

Նշենք, որ փետրվարի 28-ին Ստամբուլի կենտրոնում Ռուսաստանի հյուպատոսության շենքի մոտ տեղի է ունեցել բողոքի ակցիա: Ակցիայի մասնակիցները վանկարկել են հակառուսական կարգախոսներ:

Հիշեցնենք, որ փետրվարի 27-ին սիրիական Իդլիբում սիրիական կառավարական ուժերի ռմբակոծության հետեւանքով սպանվել են 33 թուրք զինծառայողներ, կան բազմաթիվ վիրավորներ: Դրանից բացի, լրատվամիջոցներում տեղեկություններ են հայտնվել այն մասին, որ Թուրքիան որպես Իդլիբում իրավիճակի սրման արձագանք դիտարկում է ռազմանավերի համար Բոսֆորի եւ Դարդանելի նեղուցները փակելու հնարավորությունը, ինչպես նաեւ կարող է հետաձգել ռուսական Ս-400 ԶՀՀ-ի տեղակայումը: Թուրքիայի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Մեսութ Հաքին թուրքական հեռուստաալիքի ուղիղ եթերում հայտարարել է, որ Անկարան պատրաստ է Ռուսաստանի հետ պատերազմին: