Իդլիբում թուրք զինվորականները զոհվել են բացառապես դիտակետերից դուրս, դա տեղի է ունեցել ահաբեկիչների հարձակման ժամանակ: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՌԻԱ նովոստին:

ՌԴ նախագահն այսօր օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ՝ մանրամասն քննարկելով Իդլիբի շուրջ իրավիճակը:

«Այդ դիրքերում թուրք ոչ մի զինվորական չի տուժել եւ վտանգի չի ենթարկվել: Ողբերգական դեպքերը տեղի են ունեցել ահաբեկչական կազմավորումների կողմից հարձակողական գործողությունների անցկացման վայրերում, դրանց թվում են եղել արտասահմանցի բազմաթիվ վարձկաններ, ինչպես նաեւ նախկին սովետական միության քաղաքացիներ: Այնտեղ թուրք զինվորականների առկայության մասին թուրքական կողմը՝ չնայած մեր բազմաթիվ հարցումներին, չի հայտնել»,- ասել է Պեսկովը:

«Ինչպես հայտնի է, Ռուսաստանը ձեռնարկել է անհրաժեշտ բոլոր միջոցները՝ թուրք-սիրիական սահմանին Թուրքիայի հանրապետության անվտանգության ապահովման համար»,- հավելել է Պեսկովը:

Նա նշել է, որ ռուսական կողմի ջանքերի շնորհիվ անվտանգության գոտու իրական խորությունը զգալիորեն գերազանցում է թուրք-սիրիական հայտնի Ադանայի համաձայնագրում նշված 5 կմ-ը եւ դե ֆակտո կազմում է 30 կմ: