Այո, 2019-ին հանքարդյունաբերությունն ավելի արագ տեմպով է աճել, քան քան մյուս ոլորտները: Այս մասին այսօր «2019թ․ տնտեսական արդյունքը և 2020թ․ տնտեսական մարտահրավերները» թեմայով քննարկման ժամանակ նշեց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը՝ հավելելով, որ դա պայմանավորված էր դրա նախորդ տարում այդ ոլորտում բազային անկումային ցուցանիշներով:

Նա նկատեց, որ մշակող արդյունավերությունը 2017-ին եղել է 10,2 տոկոս, իսկ 2019-ին՝ 12,1 տոկոս, մինչդեռ հանքարդյունաբերության մասնաբաժինը 2017-ին եղել է 3.2 տոկոս, իսկ 2019-ին՝ 2,9 տոկոս, այսինքն թեկուզ փոքր, բայց բարելավում կա:

Թունյանը նշեց, որ 2019-ին արտահանումն ավելի քիչ է աճել, քան ներմուծումը, բայց այստեղ պետք է հաշվի առնել, որ նախորդ տարի մեծ թվով ավտոմեքենաներ են ներմուծվել, ապա արտահանվել Հայաստանից, սակայն արտահանումը չի գրանցվել, որովհետեւ մեքենաները ՀՀ-ից դուրս են բերել հայկական համարանիշներով:

Անդրադառնալով Արծվիկ Մինասյանի պնդմանը, թե առաջիկա հանրաքվեն վնասում է ներդրումային միջավայրին, Բաբկեն Թունյանն ասաց. «Ես չեմ կարծում, որ հանրաքվեն տնտեսությանը որևէ կերպ բացասաբար վնասի: Եթե մենք նկատի ունենք, որ կարող են լինել անհանգստություններ, բողոքի ցույցեր, որոնք սովորաբար վատ ազդեցություն են թողնում, համոզված եմ, որ նման բան չի լինի, րովհետեւ հասարակության մեջ չկա այդ թերահավատ մոտեցումը կամ կասկածը, որ հանրաքվեն, ընտրությունները կարող են կեղծվել»:

Նա հավելեց, որ ճիշտ չի համարում ցուցնաիշներով կռվելը, որ ինքը դրական ցուցանիշները ներկայացնի, ընդդիմադիր գործիչները՝ բացասականը. «Չնայած ես համոզված եմ, որ ամեն մի բացասական կետին ես կարող եմ 5 հատ դրական զարգացում մատնանշել ու վերջում  իմ փաստարկները չեն սպառվի, իսկ ձերը կսպառվեն, պարոն Մինասյան»,-ասաց նա՝ դիմելով ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանին: