ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եւ ՌԴ ԱԽ անդամները հույս ունեն, որ Թուրքիայի իշխանությունները կընդունեն երկրում ռուսական արտասահմանյան հաստատությունների եւ քաղաքացիների անվտանգության ապահովման բոլոր անհրաժեշտ միջոցառումները: Ուրբաթ պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին հայտնել է, որ այս մասին հայտարարվել է Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ ՌԴ առաջնորդի օպերատիվ խորհրդակցության ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Խորհրդակցության մասնակիցները հույս են հայտնել, որ Թուրքիայի իշխանությունները կընդունեն երկրում ռուսական արտասահմանյան հաստատությունների եւ քաղաքացիների անվտանգության ապահովման բոլոր անհրաժեշտ միջոցառումները»,- ասել է Պեսկովը: «Մանրակրկիտ զրույց է տեղի ունեցել սիրիական Իդլիբի շուրջ իրավիճակի վերաբերյալ, ծայրահեղ մտահոգություն է արտահայտվել՝ կապված Սիրիայի այս շրջանում իրադրության կտրուկ էսկալացիայի հետ, որ հրահրվել է ահաբեկչական խմբավորումների կողմից, որոնք ակտիվացրել են սիրիական բանակի դեմ հարձակողական գործողությունները»,- նշել է Կրեմլի ներկայացուցիչը:

Նիստի ժամանակ նաեւ շեշտվել է, որ Իդլիբում թուրք զինվորականները չպետք է գտնվեն դիտակետերի սահմաններից դուրս: Պեսկովը հիշեցրել է, որ «ըստ համաձայնության եւ ռուսական կողմի համառ խնդրանքներին համապատասխան նախկինում իդլիբյան գոտում հայտնվել են թուրք զինվորականների դիտակետեր, որոնց պարտականությունների մեջ է մտնում զինյալների գործունեության վերահսկումը եւ նրանց ահաբեկչական ակտիվություն թույլ չտալը ու ռուսական ռազմական օբյեկտների դեմ ագրեսիվ գործողությունների կանխումը»: Սակայն «թուրք գործընկերներին չի հաջողվել այս խնդիրը կատարել, քանի որ զինյալների զգալի մասը նրանց վերահսկողությունից դուրս է», նշել է պետության ղեկավարի մամուլի քարտուղարը:

Անվտանգության խորհրդի նիստում շեշտվել է, որ Իդլիբում ահաբեկչական ավազակային կազմավորումների դեմ սիրիական բանակի հարձակողական գործողությունների ընթացքում ռուսական կողմն անհրաժեշտ ամեն ինչ արել է դիտակետերում թուրք զինծառայողների անվտանգության ապահովման համար: