Շվեյցարիայի կառավարությունն արգելել է 1000-ից ավելի մասնակիցներ ունեցող ցանկացած միջոցառման անցկացումը: Որոշումն ընդունվել է երկրում COVID-19 կորոնավիրուսի ինը դեպքեր ախտորոշելու համար: Այդկերպ 90-րդ Ժնեւի ավտոսրահը կչեղարկվի, հաղորդում է Motor-ը:

Զանգվածային միջոցառումների արգելքը կգործի առնվազն մինչեւ մարտի 15-ը՝ հենց այն օրը, երբ Ժնեւում պետք է անցկացվեր միջազգային ավտոսրահը: Այդ կապակցությամբ ցուցադրության կազմակերպիչները որոշել են ամբողջովին չեղարկել միջոցառումները, ինչի մասին հայտնել են մամուլի ասուլիսի ժամանակ: Պլանավորվել էր ավտոսրահը բացել մարտի 3-ից ԶԼՄ-ների համար, իսկ մարտի 5-ից՝ բոլոր ցանկացողների:

Կազմակերպիչները կփոխհատուցեն գնված տոմսերի արժեքի դիմաց, իսկ մինչեւ մարտի 7-ը կքանդեն էքսպոկենտրոնի նախապես կառուցված բոլոր տաղավարները:

Փետրվարի 28-ի դրությամբ Շվեյցարիայում կա COVID-19 կորոնավիրուսով վարակման հաստատված ինը դեպք, սակայն խոշորագույն եվրոպական օջախը գտնվում է Իտալիայում, որտեղ վարակվել է 655 մարդ եւ կա 17 զոհ: Ամենամեծ թվով վարակվածներ կան Չինաստանում (78 824 մարդ) եւ Հարավային Կորեայում (2337 մարդ), որտեղ դադարեցրել են իրենց գործունեությունը Hyundai եւ Kia գործարանները:

Չինաստանից ավտոպահեստամասերի մատակարարման խափանման հետ առնչվել են գրեթե բոլոր ավտոարտադրողները: Խախտվել է ամբողջ աշխարհում Nissan ընկերության աշխատանքը, ինչպես նաեւ Սերբիայում FCA եւ Մեծ Բրիտանիայում JLR ընկերությունների գործունեությունը: Համաճարակի հետեւանքով հետաձգվել է Պեկինի ավտոսրահն ու Չինաստանի Ֆորմուլա-1-ի Գրան-պրին: