Հաշվի առնելով Իդլիբում իրավիճակի սրումը եւ Թուրքիայի հակառուսական հռետորաբանությունը՝ Անկարան կարող է Բաքվի ձեռքերով լայնամասշտաբ ռազմական գործողություններ սադրել ղարաբաղյան ուղղությամբ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:

«Ընդ որում, դա կարող է տեղի ունենալ ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ հեռանկարում»,- նշեց նա:

Սաֆրաստյանը պարզաբանեց, որ դա կապված է Էրդողանի անկանխատեսելիության եւ Ադրբեջանին Ռուսաստանի դեմ աշխարհաքաղաքական խաղում օգտագործելու ցանկությամբ:

«Այդ մասին վկայում են Ադրբեջան Թուրքիայի նախագահի վերջին այցի արդյունքներն ու Ալիեւի հետ ռազմական համաձայնագրի կնքումը: Բացառված չէ, որ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի վերջին սրումը եւս տեղավորվում է այդ տրամաբանության մեջ»,- հավելեց թուրքագետը:     

Նշենք, որ փետրվարի 28-ին Ստամբուլի կենտրոնում Ռուսաստանի հյուպատոսության շենքի մոտ տեղի է ունեցել բողոքի ակցիա: Ակցիայի մասնակիցները վանկարկել են հակառուսական կարգախոսներ: Հիշեցնենք, որ փետրվարի 27-ին սիրիական Իդլիբում սիրիական կառավարական ուժերի ռմբակոծության հետեւանքով սպանվել են 33 թուրք զինծառայողներ, կան բազմաթիվ վիրավորներ:

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին ադրբեջանական կողմի կրակոցից հայ զինծառայող է վիրավորվել: