Ֆրանսիական Danone ընկերությունը ստուգումներ է անցկացնում՝ կապված մի քանի ընտանիքների կողմից բողոքների հետ, որոնք հայտնել են, որ մանկական սննդի մեջ թրթուրներ են հայտնաբերել, հաղորդում է Le Monde թերթը՝ հղում անելով ընկերության ներկայացուցիչ Ֆլորան Լալանին:

«Դա բացառիկ իրավիճակ է: Մենք ցանկանում ենք հասկանալ՝ ինչպես են այդ թրթուրները հայտնվել սննդի մեջ»,- ասել է նա՝ դիմելով բոլոր տուժածներին եւ կոչ անելով զանգել թեժ գիծ կամ հաղորդագրություն թողնել կայքում:

Նա նշել է, որ «արտադրական շղթայում չոր կաթը չի շփվում օդի հետ եւ գտնվում է պաշտպանիչ միջավայրում, որտեղ թթվածնի պարունակությունը չի գերազանցում 2 տոկոսը, ինչը անհնար է դարձնում որեւէ օրգանիզմի գոյատեւումը»: Նա ենթադրել է, որ «դրանք կարող էին հայտնվել կաթի մեջ, երբ այն գտնվել է, օրինակ, պահեստում կամ փոխադրման ժամանակ»:

Ավելի վաղ առնվազն 5 ընտանիք հայտնել է, որ Gallia մանկական սննդի մեջ 6-7 սմ երկարությամբ թրթուրներ է հայտնաբերել: Դեպքերը գրանցվել են Վար, Բուշ-դյու-Ռոն, Իլ եւ Վիլեն դեպարտամենտներում: Ոստիկանությունը հետաքննություն է անցկացնում: