Քիչ առաջ «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք է կատարել Թեհրան-Երևան երկրորդ հատուկ չվերթը, որով 80 քաղաքացի է տեղափոխվել Հայաստան։ NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ինչպես նախորդ չվերթի ժամանակ, այնպես էլ այս անգամ ուղևորների ջերմաչափում է իրականացվել։

Հիշեցնենք՝ փետրվարի 26-ին առաջին հատուկ չվերթով Իրանից Հայաստան էր տեղափոխվել 52 քաղաքացի։ Նրանցից ոչ մեկը չի հոսպիտալացվել։ Գրանցվել էին միայն անձնական տվյալները՝ հետագայում տնային երկշաբաթյա հսկողություն իրականացնելու և համար։

Նշենք, որ Հայաստանն օրերս երկու շաբաթով մասամբ փակեց հաղորդակցությունը Իրանի հետ։ Սահմանափակումները չեն գործում միայն հայրենիք վերադարձող Հայաստանի և Իրանի քաղաքացիների նկատմամբ։

Նշենք, որ Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 388-ն է, գրանցվել է 34 մահ։ Ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակված է 83. 906 մարդ, գրանցվել է 2869 մահվան դեպք։ Վարակվածության դեպք է գրանցվել նաև հարևան Վրաստանում։

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածության դեպք չկա։