Մոլորակի ամենահարուստ 500 մարդիկ մեկ շաբաթում կորցրել են 444 մլրդ դոլար կորոնավիրուսի տարածման ֆոնին ֆոնդային շուկաների ցուցանիշների զգալի նվազեցման պատճառով: Նման գնահատականներ է հրապարակել Bloomberg գործակալությունը:

Գործակալության տվյալներով՝ աշխարհի ամենահարուստ 3 մարդիկ՝ Amazon կորպորացիայի ղեկավար Ջեֆ Բեզոսը, Microsoft-ի համահիմնադիր Բիլ Գեյթսը եւ Louis Vuitton Moet Hennessy ընկերության ֆրանսիական խմբի գործադիր տնօրեն Բեռնար Առնոն, կրել են ամենախոշոր կորուստները: Նրանց կարողությունը միասին վերցրած նվազել է գրեթե 30 մլրդ դոլարով, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Tesla ընկերության ղեկավար Իլոն Մասկը, որը մոլորակի ամենահարուստ մարդկանց ցուցակում զբաղեցնում է 25-րդ տեղը , մեկ շաբաթում կորցրել է 9 մլրդ դոլար:

The Wall Street Journal-ի հաղորդմամբ՝ ընթացիկ շաբաթը ԱՄՆ ֆոնդային շուկային ամենաանհաջող շաբաթն է եղել 2008 թվականի ֆինանսական ճգնաժամից ի վեր: Մեկ շաբաթում Dow Jones-ի անկումը կազմել է 12,4%, S&P 500-ինը՝ 11,5%, Nasdaq-ինը՝ 10,5%:

Նոր կորոնավիրուսի բռնկումը սկսվել է 2019 թվականի դեկտեմբերի վերջին Կենտրոնական Չինաստանում՝ 12 մլն բնակչություն ունեցող Ուհան քաղաքում: ԱՀԿ-ն իրավիճակը միջազգային մասշտաբի արտակարգ դրություն է ճանաչել: Չինաստանի սահմաններից դուրս վիրուսը հայտնաբերվել է ավելի քան 52 երկրներում: Չինաստանի իշխանությունները գրանցել են երկրում 2788 մահվան ելքով դեպքեր, ապաքինվել է 36,1 հազար մարդ, վարակվածների թիվը գերազանցում է 78,8 հազարը: