Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ-պետությունները ողջունում են Աֆղանստանում իրավիճակը կարգավորելու համաշխարհային հանրության ջանքերը, այդ թվում ՌԴ-ում արգելված «Թալիբան» շարժման ներկայացուցիչների հետ Միացյալ Նահանգների կողմից նախաձեռնված գործընթացը։ Այս մասին ասվում է ՀԱՊԿ անդամ-պետությունների համատեղ հայտարարության մեջ, որի տեքստը շաբաթ օրը տեղադրվել է ՌԴ ԱԳՆ կայքում։

Փաստաթղթում ընդգծվում է Աֆղանստանում քաղաքական - դիվանագիտական կարգավորմանը այլընտրանք չլինելու հանգամանքը։ «ՀԱՊԿ անդամ-պետությունները ողջունում են Աֆղանստանում խաղաղության հասնելու համաշխարհային հանրության ջանքերը, այդ թվում Աֆղանստանի հարցով խորհրդակցությունների Մոսկովյան ձեւաչափի եւ 2019թ․ փետրվարին մեկնարկած Միջաֆղանական երկխոսության շրջանակներում՝ նշելով թալիբների շարժման հետ նախաձեռնած բանակցային գործընթացը, ինչպես նաեւ Աֆղանստանին աջակցելու ՄԱԿ առաքելության գործունեությունը,- ասվում է հայտարարության մեջ,- ՀԱՊԿ անդամ-պետությունները կողմ են հանդես գալիս հասարակության կոնսոլիդացմանը, ներքաղաքական կայունության հաստատմանը՝ ի շահ բոլոր աֆղանցիների եւ Աֆղանստանում ամուր խաղաղության ձեռքբերման, ինչը կնպաստի տարածաշրջանային եւ գլոբալ անվտանգության ամրապնդմանը»։

Միաժամանակ, կազմակերպության երկրները մտահոգված են Աֆղանստանում ռազմաքաղաքական լարվածությամբ եւ խաղաղ բնակչության շրջանում զոհերի աճող քանակով՝ կապված երկրով մեկ չդադարող ահաբեկչական գրոհների հետ։ «Խորը մտահոգված են Աֆղանստանում ԻՊ խմբավորման եւ այլ ահաբեկչական ստորաբաժանումների ներկայությամբ՝ անհրաժեշտ համարելով ակտիվացնել նրանց չեզոքացման ջանքերը։

ՀԱՊԿ անդամ-երկրները վստահ են, որ ահաբեկչական սպառնալիքի հետ անքակտելիորեն կապված է թմրանյութերի արտադրության եւ մաքսանենգության խնդիրը, եւ ուշադրություն են հրավիրում անօրինական թմրարտադրության դեմ պայքարի ուժեղացման եւ Աֆղանստանից թմրանյութերի անօրինական փոխադրման խողովակները փակելու միջազգային համագործակցության ակտիվացման անհրաժեշտության վրա»,- ասվում է հայտարարության մեջ։