ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի համակարգող Բագրատ Միկոյանը «Մարտի 1-ի գործը հետհեղափոխական Հայաստանում» տեղեկատվական կոնֆերանսի ժամանակ անդրադարձավ մարտի 1-ի դեպքերի մասին պատմող այն հանգամանքին, որ ոստիկանական մեքենան վրաերթի է ենթարկել երկու ցուցարարի:

«Այս «Վիլիսը» ոստիկանության Գուգարքի բաժնի «Վիլիսն» է, որով պարեկապահակային ծառայություն էին անցկացնում երեք ոստիկան: Երեքն էլ ծեծի են ենթարկվում ու մեկը պարզապես միայնակ փորձում է ճողոպրել: Վրաերթ եւ ճողոպրել բառերը խառնել են», - ասաց նա:

Միկոյանն ընդգծեց, որ դրանից հետո ոստիկանը դուրս է, եկել որպեսզի փախչի, մինչդեռ դաժան ծեծի է ենթարկվել ցուցարարների կողմից: Նրա խոսքով, ոստիկանի ծեծի ընթացքում ոստիկան Գուգարքի բաժնի պետ Գրիշա Այվազյանից խլվել է նրա «Մակարով» տաբելային զենքը:

Միկոյանը նաև անդրադարձավ այս դեպքի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հենց նույնն  օրը արված հայտարարությանը, որտեղ նա ասել է, որ քաղաքացիներին վրաերթի ենթարկած ոստիկանին բռնել են, ինչ պետք է՝ արել են:

Նա ցուցադրեց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի ասուլիսից մի հատված, որտեղ նա ասում է, որ իրենք ունեն հստակ ապացույցներ, որ մարտի 1-ի 10 զոհերից զինծառայող Տիգրան Աբգարյանը սպանվել է հատուկջոկատայինների կողմից: «Տիգրան Աբգարյանը սպանվել է այն ժամանակ, երբ արդեն Ռոբերտ Քոչարյանը մտցրել էր արտակարգ դրություն, սակայն որեւէ հրազենային վիրավորում ստացած զինծառայող չկար: Մեր վերսիան հետեւյալն է, որ Տիգրան Աբգարյանին հրազենային վիրավորում է հասցվել նրա համար, որպեսզի Ռոբերտ Քոչարյանի խոսքը, որ արդեն ունենք զոհեր, հիմնավորվի: Դա քննությամբ հիմնավորվել է»,-ասել է Սասուն Խաչատրյանը:

Բագրատ Միկոյանը նշեց, որ Ռոբերտ Քոչարյանի զոհերի մասին ոչինչ չի ասել իր ասուլիսում, իսկ Սասուն Խաչատրյանը վկայակոչում է Քոչարյանի չարտասանած խոսքերը: