Անկախ նրանից, թե այն ժամանակ մարդիկ բարիկադի որ կողմում էին, իհարկե շատ ցավալի են այդ դեպքերը, շատ ցավալի է զոհեր ունենալու հանգամանքը, եւ ես չեմ չափազանցնում, բայց ամենամեծ տուժածներից մեկը, զոհերի հարազատներից հետո, մեր ընտանիքն է, քանի որ այդ ամենը անարդարացիորեն առաջին օրից նպատակաուղղված փորձեցին կապել մեզ հետ, տարիներ շարունակ այդ գիծը տարան: Այս մասին այսօր՝ փետրվարի 29-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի որդին` Լեւոն Քոչարյանը` ցավակցելով զոհերի հարազատներին:

Նա նշեց, որ «Մարտի 1-ի գործը հետհեղափոխական Հայաստանում» տեղեկատվական կոնֆերանսին փորձեցին ցույց տալ, թե ինչ մանիպուլյացիաներով, կեղծիքով փորձել են իրենց հետ կապել այս գործը:

«Հույս ունեմ, որ մի օր կբացահայտվի այս ամենը, որովհետեւ այն դատավորությունը, որի ականատեսն ենք լինում, բազմիցս ասվել է, որ կապ չունի զոհերի մահանալու հանգամանքները պարզելու հետ: Սա քաղաքական պրոցես է, որը կոնկրետ քաղաքական, անձնական նպատակ է հետապնդում՝ ամեն գնով կալանքի տակ պահելու հորս»,- ասաց նա:

Լեւոն Քոչարյանը նշեց, որ երբեւէ զոհերի հարազատների հետ չի խոսել, սակայն խնդիր չունի հանդիպելու առումով: «Ես, իմ ընտանիքը, հայրս, ոչ մի առնչություն չունենք այդ զոհերի հետ: Ինձ հետաքրքիր է, թե իրենք փորձե՞լ են այսօրվա վարչապետին հարցեր ուղղել, թե ինչու էր այն ժամանակ մարդկանց կոչ անում զոհվել, ապստամբել, ինչո՞ւ էր հրճվում, երբ ոստիկաններից խլվում էին մահակները, վահանները, ինչո՞ւ էր ասում, որ պետք է ազատվել ղարաբաղցի տականքներից: Բարոյական առումով այդ հարցի պատասխանը ստացե՞լ են: Միգուցե, հասկանում եմ, որ մեծ մասը, եթե ցույցերին մասնակցել է, ապա այն ժամանակ իշխանություններին ընդդիմադիր է եղել, բայց արդյոք չեն տեսնում ուղիղ կապ զոհեր լինելու հանգամանքի եւ այդ ժամանակ ցույցերի ղեկավարների գործողությունների մեջ»,- ասաց Լեւոն Քոչարյանը:

Նրա խոսքով, մարդկանց տրամադրությունները վերջին շրջանում շատ է փոխվել: «Նույնիսկ իմ շրջապատում կարող էին լինել մարդիկ, որ գուցե լավ չպատկերացնեին՝ ինչ է կատարվել, մտածեին, որ միգուցե ինչ-որ տեղ մեղավորության բաժին կա, բայց այս երկու տարին լավագույնս են ցույց տալիս այն անցած տարիների բազմաթիվ կեղծիքները, որ արվել են եւ սլաքներ են ուղղվել մեր ընտանիքի հանդեպ: Այս երկու տարին ցույց է տալիս այդ ամենի կեղծ ու սուտ լինելը»,-ասաց նա:

Լեւոն Քոչարյանը նշեց, որ դժվարանում է հիշել այդ օրերին «Մարտի 1»–ի հետ կապված տանը քննարկումներ եղած լինեն, քանի որ հայրը գործի հետ կապված թեմաներ երբեք չի քննարկել, իսկ պաշտոնավարումից հետո խոսել են: «Հիմնական զոհերը եղել են չվերահսկվող տարածքներում, այսինքն՝ անհանգստություն ունեցել է, բայց նա արդեն նախագահ չէր եւ որեւէ միջամտության փորձ, որեւէ առնչություն չի ունեցել գործընթացին եւ ակնկալիք է ունեցել, որ պետք է գտնվեն այն մարդիկ, որոնք պատասխանատու են»,-ասաց նա:

Անդրադառնալով հանրաքվեին, նա եւս մեկ անգամ հաստատեց, որ ոչ մի կապ չունեն «Ոչ»-ի ճակատի հետ եւ այնտեղ կան մարդիկ, որոնք Նիկոլ Փաշինյանի պաշտպաններն են եղել ժամանակին: «Այս պրոցեսը ի սկզբանե հակաօրինական, հակասահմանադրական պրոցես է, որը կոնկրետ նպատակ է հետապնդում՝ ազատվել ՍԴ իրենց համար ոչ ցանկալի կազմից, ուզում են ունենալ Վահե Գրիգորյանի պես մարդկաբնց, որոնք կանեն այն, ինչ իրենք ուզում են»,- ասաց նա եւ նշեց, թե կարծում է, որ մաքսիմալ պետք է փորձել մասնակցություն չունենալ այս հակաիրավական գործընթացին: