Ուղիղ 12 տարի առաջ Երեւանի կենտրոնում ողբերգական իրադարձություններ տեղի ունեցան, որի հետեւանքով զոհվեց 10 քաղաքացի:

2008թ. փետրվարի 18-ի նախագահական ընտրություններից հետո ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները հավաքվել էին Ազատության հրապարակում եւ պահանջում էին ընտրությունների արդյունքների վերանայում: Նրանք 10 օր շարունակ շուրջօրյա հանրահավաքներ էին անցկացնում Ազատության հրապարակում:

Մարտի 1-ի առավոտյան ոստիկանությունը ուժով ցրեց Ազատության հրապարակում հավաքվածներին: Մարդիկ սկսեցին հավաքվել Մյասնիկյանի արձանի մոտ: Նույն օրը երեկոյան երկրի նախագահ Ռոբերտ Քոչարյանն արտակարգ դրություն հայտարարեց։ Բախումների հետեւանքով զոհվեց 10 քաղաքացի, այդ թվում երկու ոստիկան, եւս 200 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ ստացան:

10 զոհերի անուններն են՝ Գոռ Քլոյան, Դավիթ Պետրոսյան, Տիգրան Աբգարյան, Տիգրան Խաչատրյան, Արմեն Ֆարմանյան, Հովհաննես Հովհաննիսյան, Համլետ Թադեւոսյան, Գրիգոր Գեւորգյան, Սամվել Հարությունյան, Զաքար Հովհաննիսյան:

Զանգվածային անկարգություններին մասնակցելու մեղադրանքով մեծ թվով մարդիկ ձերբակալվեցին և կալանավորվեցին։

Նշենք, որ «Մարտի 1»-ի գործի շրջանակում սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք է առաջադրվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին, Յուրի Խաչատուրովին, նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանին: Որպես վկա հարցաքննվել են ՀՀ նախկին նախագահներ Լեւոն Տեր-Պետրոսյանն ու Սերժ Սարգսյանը: