Բանակի գործող սպա, կապիտան Սերգեյ Համբարյանը արդեն 5 տարի է պայքարում է  2 որդիներին բուժելու համար: Այսօր` փետրվարի 29-ին, «Սոցիալական շարժման» համագումարի ժամանակ իր ելույթում սպան հայտարարեց, որ երկու որդիները տառապում են վաղաժամ սեռական հասունացում հիվանդությամբ:

«Շուրջ 5 տարի է, սկսած հին Կառավարությունից, վերջացրած այս Կառավարությունով 80-ից ավել նամակներ եմ ուղարկել: Ոչ մեկ ինձ ոչ մի աջակցություն չի տալիս, պետությունն էլ չի հատկացնում այդ դեղորայքը, որպեսզի իմ երեխաները այդ դեղորայքից օգտվեն: Այդ դեղորայքի ամեն մի ասեղը կազմում է 250 հազար դրամ, իսկ իմ աշխատավարձը կազմում է 270 հազար դրամ, շուրջ 17 միլիոն դրամ վարկի տակ եմ մտել, արդեն 50/50 աշխատավարձս պահում է հարկադիրը, երեխաներիս տանեմ քուչեն պահե՞մ, խնդրում եմ, մեղք են երեխաներս: Ես ներկա գործող սպա եմ, չունեմ ոչ մի վախ, ես պայքարում եմ իմ երեխաների առողջության համար, որպեսզի առողջ պաշտպաններ տամ պետությանը»,-ասաց նա:

Սպան աջակցություն խնդրեց բոլորից, խոսքն ուղղեց վարչապետին եւ նախագահին` խնդրելով ուշադրություն դարձնեն իր խնդրին:

Նշենք, որ ՀՀ կառավարության նիստերի դահլիճում այսօր` փետրվարի 29-ին, անցկացվում է Սոցիալական շարժման 2-րդ ընդլայնված համաժողովը:

Համաժողովին մասնակցում են քսանից ավելի կազմակերպված սոցիալական նախաձեռնություններ և միություններ։