Ֆրանսիական իշխանությունները, նոր կորոնավիրուսի հետ կապված, որոշել են հետաձգել փակ տարածքներում ավելի քան 5000 մարդու մասնակցությամբ հասարակական միջոցառումները։ Այս մասին շաբաթ օրը հայտնել է առողջապահության նախարար Օլիվյե Վերանը, որի մամուլի ասուլիսը հեռարձակել է BFM հեռուստաալիքը։ Նախարարը Ելիսեյան պալատում ելույթ է ունեցել Էմանուել Մակրոնի նախագահությամբ այնտեղ անցկացված Նախարարներևի խորհրդի եւ Պաշտպանության խորհրդի արտակարգ նիստերի արդյունքներով, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Մասնավորապես, ինչպես հայտնել է Վերանը, բոլոր զանգվածային միջոցառումները կհետաձգվեն Ուազա դեպարտամենտում, որտեղ հայտնաբերվել է վարակի տարածման լոկալ օջախներից մեկը։ Բացի այդ, հետաձգվել է կիրակի օրը նշանակված փարիզյան կիսամարաթոնը, անշարժ գույքի մեջ ներդրումների MIPIM ցուցահանդեսը Կաննում, կառնավալը Անսիում։ Մեկ օրով կկրճատվի միջազգային գյուղատնտեսական ցուցահանդեսը, որն այժմ անցկացվում է Փարիզում։ Միաժամանակ, նախարարը նշել է, որ երկրում մարտի 15-ին եւ 22-ին նախատեսված տեղական ինքնակառավարման ընտրությունների անցկացման ժամկետները «տվյալ պահին» նպատակահարմար չէ փոխել։

Առողջապահության նախարարը նաեւ տեղեկացրել է, որ շաբաթ օրվա կեսօրի իրավիճակով երկրում կորոնավիրուսով վարակման դեպքերը աճել են 16-ով, Ֆրանսիայում գրանցվել է հիվանդության 73 դեպք։ Վարակվածներից 59-ը հիվանդանոցներում են, 12-ն առողջացել են, 2-ը՝ մահացել։ Հիմնական օջախներ են մնում Վերին Սավոյա դեպարտամենտը եւ Ուազա դեպարտամենտի Կրեյ քաղաքը, որոնք երկրի հյուսիսային մասում են։