Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն ու նրա ընկերուհի Քերի Սայմոնդսը նշանվել են եւ երեխա են սպասում, հայտարարել է զույգի պաշտոնական ներկայացուցիչը, հաղորդում է BBC-ը:

Զույգն այդ մասին հայտարարել է մամուլի քարտուղարի միջոցով: Նրա խոսքով՝ զույգը շատ ուրախ է հանրությանը տեղեկացնել Սայմոնդսի հղիության մասին:

55-ամյա Ջոնսոնն ու 31-ամյա Սայմոնդսը Բրիտանիայի առաջին չամուսնացած զույգն է, որը բնակվում է Դաունինգ Սթրիթ 10 հասցեում՝ վարչապետերի նստավայրում:

Դեռ ավելին, վերջին 173 տարիների ընթացքում բրիտանացի վարչապետերի եւ նրանց տիկնանց (կամ ամուսինների) միջեւ այդպիսի մեծ տարիքային տարբերություն չի եղել. Քերի Սայմոնդսը 24 տարով փոքր է Բորիս Ջոնսոնից:

Ջոնսոնն ունեցել է երկու ամուսնություն: 1987-1993 թթ. նա ամուսնացած էր Ալեգրա Մոսթին Օուենի հետ: 1993 թվականին Ջոնսոնն ամուսնացել է Մարինա Ուիլերին:

2018 թվականի սեպտեմբերին Ջոնսոնն ու Ուիլերը հայտարարել էրն, որ վաղուց չեն ապրում միասին եւ գտնվում են ամուսնալուծության փուլում: Հենց այդ ժամանակ էլ տարածվել էին ասեկոսեները, որ քաղաքական գործիչը հանդիպում է Քերի Սայմոնդսի հետ, որն աշխատել է 2012 թվականին Լոնդոնում քաղաքապետի ընտրությունների ժամանակ նրա նախընտրական շտաբում:

Ջոնսոնն ու Ուիլերն ունեն չորս երեխա: ԶԼՄ-ների վարկածով՝ վարչապետը նաեւ ունի արտամուսնական կապից երեխա, որի մայրն արվեստագետ Հելեն Մաքինթայրն է:

Ինքը՝ Ջոնսոնը, 2019 թվականին ռադիոշոուի ժամանակ հրաժարվել է ուղիղ պատասխանել հարցին, թե քանի երեխա ունի: