ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը իր թուրք գործընկեր Մեւլութ Չավուշօղլուի հետ քննարկել է «Sputnik-Թուրքիա» գործակալության աշխատակիցների կալանավորումը։

Ինչպես հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը, ռուսական կողմից ընդգծվել է լրագրողների եւ Sputnik-ի աշխատակիցների շուրջ իրավիճակի արագ կարգավորման անհրաժեշտությունը եւ նրանց անվտանգության ապահովումը։

Նախարարները հանդես են եկել բարենպաստ մթնոլորտ ստեղծելու օգտին, որը կնպաստի երկխոսության արդյունավետությանը։

Կողմերը նաեւ քննարկել են երկու երկրների նախագահների առաջիկա հանդիպման նախապատրաստումը։

ՌԻԱ Նովոստին հայտնել է, որ Անկարայում կալանավորված «Sputnik-Թուրքիա»-ի երեք աշխատակիցներին ազատ են արձակել ցուցմունքներ տալուց հետո։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ անհայտ անձինք լույս կիրակի գիշերը Անկարայում փորձել են ներխուժել «Sputnik-Թուրքիա»-ի աշխատակիցների տուն եւ մեղադրել են նրանց «ռուսների համար աշխատելու» մեջ։