Իդլիբում իրավիճակը բավականին սուր է, եւ կան նախադրյալներ, որ այն կարող է ավելի սրվել 2-3 օրվա ընթացքում: Այս մասին մարտի 2-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը:

Նա հիշեցրել է, որ որոշ կորուստներից հետո Թուրքիայի իշխանությունները հայտարարել են Իդլիբում ռազմական գործողությունների մեկնարկի մասին` իրենց կողմից վերահսկվող խմբավորումների կիրառմամբ: «Թուրքերը 20 բնակավայր են գրավել Սիրիայի տարածքում, որոնք նախկինում ազատագրվել էին Ասադի կողմից: Տեղեկություններ կան, որ Ռուսաստանի Զինված ուժերը ինչ-որ պահի թուլացրել են սիրիական օդային տարածքի անվտանգության մակարդակը, ինչից եւ օգտվել էր Թուրքիան` հրետանի եւ դրոններ օգտագործելով: Սակայն այժմ Մոսկվան այլեւս պատրաստ չէ ապահովել թուրքական օդուժի անվտանգություն Սիրայի երկնքում: Այս ամենը խոսում է այն մասին, որ Պուտինի եւ Էրդողանի հանդիպումից առաջ 2-3 օրվա ընթացքում քաոսային իրավիճակը կպահպանվի»,- նշեց Սաֆրաստյանը:

Փորձագետը շեշտեց, որ Սիրիան Թուրքիայի եւ Ռուսաստանի համար մի տարածք է դարձել, որտեղ նրանք պայքարում են տարածաշրջանում իրենց դիրքերը ամրապնդելու համար, եւ, չնայած որոշ մարտավարական մերձեցմանը, Մոսկվան եւ ւ Անկարան շարունակում են մրցակիցներ մնալ Մերձավոր Արեւելքում: «Երկու երկրների միջեւ մերձեցումը, այդ թվում` նույնիսկ խոցված ռուսական կործանիչի ֆոնին, պայմանավորված է աշխարհաքաղաքական շահերով: Ռուսաստանը ձգտում է պոկել Թուրքիան ՆԱՏՕ-ից, իսկ Անկարան ցանկանում է անկախ քաղաքականություն վարել տարածաշրջանում»,- հավելել է թուրքիան:

Նրա խոսքով` Իդլիբը Սիրիայի այն եզակի մասերից մեկն է, որը դեռ դուրս է Ասադի կառավարության վերահսկողությունից, եւ Թուրքիան ձգտում է վերահսկողություն հաստատել դրա նկատմամբ` հույս ունենալով, որ Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքական վերափոխմանն ուղղված ակտիվ գործընթացներ կսկսվեն: «Դրա համար Էրդողանն օգտագործում է ինչպես ահաբեկչական խմբավորումներին, այնպես էլ փախստականների գործոնը` պնդելով, որ ցանկանում է բուֆերային գոտի ստեղծել Իդլիբում սիրիացի փախստականների համար: Մենք տեսնում ենք, թե ինչպես է Թուրքիան շանտաժի անում Եվրոպան փախստականների ներհոսքով, եւ չի բացառվում, որ այսօր այնտեղ գնացողների թվում հատուկ պատրաստված ջիհադիստներ կան, որոնք կարող են որոշակի դերակատարություն ունենալ Էրդողանի հաշվարկներում: Ինչ վերաբերում է Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահների առաջիկա բանակցություններին, ապա զիջումները կարող են կայանալ նրանում, որ Անկարան ստիպված կլինի ուժերը հանել Իդլիբից, ինչից հետո աշխատանքներ կսկսվեն համատեղ բուֆերային գոտու ձեւավորման համար: Դա լրացում կլինի Սոչիի համաձայնագրերին, որտեղ Թուրքիան մի կողմում է, իսկ Իրանը, որը նույնպես ցանկանում է թուլացնել Թուրքիայի` որպես տարածաշրջանում Միացյալ Նահանգների դաշնակցի դիրքերը, եւ Ռուսաստանը` մյուս կողմում»,- եզրափակեց Ռուբեն Սաֆրաստյանը: