Կորոնավիրուսով վարակման դեպք արձանագրվելուց հետո մարդիկ մեծ քանակությամբ գնել են ախտահանիչ նյութեր, եւ այդ առումով երեկ խնդիր էր առաջացել, բայց այսօր արդեն խնդիրը վերացել է: Այս մասին այսօր՝ մարտի 2-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանը:

«Երեկ ալկոգելը կամ մյուս միջոցները պակասում էին, բայց իրավիճակն այսօր արդեն բոլորովին այլ է, դեղատներում կան ախտահանող միջոցներ: Ավելին, ՀՀ-ում կա արտադրող «Արսանիտ» ընկերությունը, որը հիմա վերազինում է իր սարքավորումները եւ առաջիկա երկու օրվա ընթացքում կկարողանան մտցնել տեղական շուկա: Նաեւ «Էկոֆարմ»-ի կողմից «Միստր G» ախտահանիչ նյութերի տեղական արտադրությունը ունենք: Այս շուկայում եւս որեւէ մեկը գին չի բարձրացրել»,-ասաց գեղամ Գեւորգյանը:

Նա նաեւ անդրադարձավ նրան, որ որոշ խանութներից մարդիկ խուճապահար գնումներ են արել. «Դրա անհրաժեշտությունը չկա: Օրինակ, շաքարի ծավալն այնքան շատ է, որ կբավականացնի ավելի քան մեկ տարի, նաեւ պահեստավորած կան: Նույնը ալյուրի մասին կարող ենք ասել: Նման ծավալի անտեղի գնումների կարիքը չկա»,-հավաստիացրեց ՏՄՊՊՀ նախագահը: