Առաջին ատյանի դատարանը քիչ առաջ մերժեց ՊԵԿ ներքին անվտանգության վարչության նախկին պետ Կարեն Խաչատրյանի կալանավորումը գրավով փոխարինման միջնորդության վերաբերյալ։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց նրա պաշտպան Ամրամ Մակինյանը։ Նշենք, որ պաշտպանի միջնորդությունը քննում էր դատավոր Աննա Մաթեւոսյանը։

Նշենք, որ Վերաքննիչ դատարանի 17.02.2020թ. որոշմամբ բեկանվել է մեղադրյալ Կարեն Խաչատրյանի նկատմամբ կիրառված կալանավորումը 20 միլիոն ՀՀ դրամի չափով գրավով փոխարինելու մասին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության 1-ին ատյանի դատարանի 22.01.2020թ. որոշումը, նրան կալանքից գրավով ազատելը ճանաչվել է անթույլատրելի:

Ամրամ Մակինյանը շեշտեց, որ իր համար սպասելի էր այդպիսի որոշումը. «4 անգամ անձի անազատության հարց քննվում է մի դատարանի կողմից, մի դատավորի նախագահությամբ, երբ 4-րդ անգամ դատարանը որոշում է կայացնում, որ Կարեն Խաչատրյանը չպետք է այլեւս պահվի անազատության մեջ եւ բաց է թողում անձին, դրանից հետո երբ Վերաքննիչ դատարանը փոխում է փախանման միջոցը կալանավորմամբ, դրանից հետո միջնորդություն է ներկայացնում պաշտպանական կողմը ու «շատ անսպասելիորեն» գործը կրկին մակագրվում է այդ դատավորին, ապա պետք է առնվազն միամիտ լինել, որ չհասկանալ՝ որ որոծումը կայացվելու է ի հաճո քրեական վարույթն իրականացնող մարմնին»։

Հիշեցնենք, որ Կարեն Խաչատրյանը զբաղեցրել է ՊԵԿ Ներքին անվտանգության վարչության պետի պաշտոնը, նա մեղադրվում է առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու մեջ:

Նույն քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաեւ նրա հորեղբորը՝ ՊԵԿ նախկին նախագահ, Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին: Վերջինիս խափանման միջոց կալանավորման միջնորդությունն այս պահին քննվում է դատարանում:

Գագիկ Խաչատրյանը եւ Կարեն Խաչատրյանը մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։