Կիրակի կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի շուրջ փակ քննարկումներ են անցկացվել ՀՀ Ազգային ժողովի, կառավարության ներկայացուցիչների, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի մասնակցությամբ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում  հայտնել է «Իմ քայլը» իշխող դաշինքի պատգամավոր Հովհաննես Իգիթյանը:

Ըստ նրա` հանդիպման ընթացքում քննարկվել են իրավիճակի զարգացման բոլոր հնարավոր սցենարները եւ իշխանությունների գործողություններն այս ժամանակահատվածում: Պատգամավորը վստահեցրել է, որ իրավիճակի հնարավոր սրման դեպքում Կառավարությունը պատրաստ կլինի դիմել համապատասխան միջոցների: «Մենք չգիտենք, թե ինչ կարող է լինել, ասենք, վաղը: Միգուցե մենք ստիպված լինենք չեղարկել բոլոր զանգվածային իրադարձությունները, ինչպես դա արեցին Եվրոպայում: Որոշ երկրներում խորհրդարանների աշխատանքն ամբողջովին դադարեցվել է: Եվ ես կարծում եմ, որ մենք նույնպես պետք է պատրաստ լինենք պատշաճ կերպով արձագանքելու հնարավոր բոլոր մարտահրավերներին»,- ասել է Իգիթյանը:

Հարցին, կարող են, արդյոք, իշխանությունները ժամանակավորապես հրաժարվել քարոզարշավից` մարդկանց զանգվածային կուտակումից եւ վիրուսի տարածումից խուսափելու համար, Հովհաննես Իգիթյանը կոնկրետ պատասխան չտվեց, բայց նշեց, որ իրավիճակը ցանկացած պահի կարող է փոխվել եւ որ վերջին հանդիպման ընթացքում դիտարկվել եւ քննարկվել են իրադարձությունների բոլոր սցենարները: 

Հիշեցնենք, որ կիրակի երեկոյան Հայաստանում գրանցվել է նոր կորոնավիրուսի առաջին հաստատված դեպքը: Հիվանդը հանրապետության 29-ամյա քաղաքացի է, ով փետրվարի 28-ին կնոջ հետ Թեհրանից ժամանել էր Հայաստան: Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցում մեկուսացվել է վարակվածների հետ շփված 31 անձ: Կիրակի օրը ՀՀ վարչապետը խնդրել էր այդ պատճառով չլքել Ծաղկաձորը եւ խուճապ չտարածել` հայտնելով, որ տեղեկություններ է ստացել այն մասին, որ քաղաքացիները լքում են հանգստավայրը: Իշխանություններն այդպես էլ չեն պարզաբանել, թե ինչու քաղաքացիներին չեն տեղափոխել ինֆեկցիոն հիվանդանոց: