Հուսով եմ՝ նախարարությունը հաշվի կառնի ստեղծված իրավիճակը եւ իր որոշումը կփոխի: Այս մասին, այսօր՝ մարտի 2-ին, ԱԺ շենքի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սարգիս Ալեքսանյանը՝ անդրադառնալով «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի եւ «ՆՈՐՔ» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց ՓԲԸ-ի միավորմանը:

Նրա խոսքով, ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովում այսօր կայացած քննարկումն առողջ մթնոլորտում է անցել, բայց հիմնավորումները նախարարության ներկայացուցիչները չկարողացան մինչեւ վերջ տանել: «Ի դեպ, չկային ոչ նախարարը, ոչ փոխնախարարներից որեւէ մեկը: Ես տեսա, որ նրանց հիմնավորումները հիմքից զուրկ են:

Ես կարծում եմ՝ մենք կարող ենք մեր լծակները կիրառել, նաեւ իշխող ուժի պատգամավորներն են այս հարցում ադեկվատ եւ հնարավոր է չեղարկվի կառավարության որոշումը: Քննարկումն ավարտվեց նրանով, որ մեր հանձնաժողովը պետք է տա եզրակացություն, բայց դրա համար մեզ թվային տվյալներ են պետք»,-ասաց պատգամավորը: