Ապրիլի  5-ի հանրաքվեն հեղափոխության տրամաբանական շարունակությունն է, որի միջոցով,   թեկուզ որոշակի ուշացումով, վերջապես կկայանա ժողովրդի վստահությունը վայելող Սահմանադրական Դատարանը: Այս մասին հայտարարություն է տարածել Եվրոպայի հայերի համագումարը, որի նստավայրը Շվեդիայում է:

Հայտարարությունում ասվում է.

«Հարգելի՛ հայրենակիցներ, ներկա իրավիճակում ՍԴ-ի ճգնաժամի լուծման միակ տարբերակն ու հնարավորությունը հանրաքվեի միջոցով այդ հարցը ժողովրդի դատողությանը ներկայացնելն է, ուստի օգտվելով ձեր կամարտահայտության ազատ իրավունքից՝ մասնակցեք հանրահավաքին, որպեսզի իրականություն դառնա հեղափոխության ամենակարեւոր նպատակներից մեկը, որն է՝ ժողովրդավարական և իրավական պետության ինստիտուտների կայացումը եւ ժողովրդի իշխանության հաստատումը, առանց որի հնարավոր չէ ապահովել արդարություն, ժողովրդավարություն եւ տնտեսական զարգացում:

Եվրոպայի Հայերի ՀամագումարըԿՈՉ է անում բուռն մասնակցություն ցուցաբերել եւ Սահմանադրության փոփոխությանն ԱՅՈ ասելով՝ ազատագրել նախկին ռեժիմի վերջին «բաստիոնը»:

Շեշտում ենք, որ այս ու այն կողմից հնչում են բոյկոտի կոչեր, որոնց հեղինակները հնի վերադարձին կարոտ հակաժողովրդական հակապետական ուժեր են եւ որոնց համար առաջին հերթին կարեւոր է իրենց անձնական եւ նեղ խմբակային շահերի ապահովումը: Կոչ ենք անում  ձեր մասնակցությամբ՝ անտեսելով նման սին կոչերը,  ի չիք դարձնել հակաժողովրդական բոլոր ուժերի  հույսերը:  

Կոչ ենք անում սփյուռքում բնակվող ՀՀ քաղաքացիներին, հնարավորության դեպքում չզլանալ, մեկնել Հայաստան եւ իրենց ԱՅՈ–ով մաս կազմել համաժողովրդական հանրաքվեին:

Քանի, որ արտասահմանում բնակվող ՀՀ  քաղաքացիները ըստ գործող Սահմանադրության հնարավորություն չունեն մասնակցելու հանրաքվեներին եւ ընտրություններին, ինչպես նաեւ հնարավոր չէ հապճեպ վերականգնել նրանց այդ իրավունքը, ուստի ՀՀ իշխանություններին առաջարկում ենք, որպես խորհրդանշական քայլ, Սփյուռքի որոշ մեծ գաղութներում հնարավորինս կազմակերպել հանրաքվեին ԽՈՐՀՐԴԱՆՇԱՆԱԿԱՆ  մասնակցության հնարավորություն սփյուռքի մեր հայրենակիցների համար: Այս փորձնական քայլի իրագործումը հնարավորություն կստեղծի եւ կօգնի Սփյուռքի ինքնակազմակերպմանը, նրանց մոտեցումների ճանաչողությանը, ինչպես նաեւ ՀՀ հասարակական, քաղաքական կյանքին առավել հաղորդակից դառնալուն: