Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու, «Ազատ հայրենիք» կուսակցության առաջնորդ Արայիկ Հարությունյանը մեկնարկած քարոզարշավի ընթացքում այցելել է Քաշաթաղի շրջանի հարավային թեւ, որտեղ հանդիպումներ է ունեցել ավելի քան 30 համայնքներում եւ ներկայացրել նախընտրական ծրագրի՝ հենց Քաշաթաղին վերաբերող մասը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել Արայիկ Հարությունյանը։

«Մեծ էր ոգեւորությունս, երբ բնակիչներն իրենք սկսեցին խոսել այն հսկայածավալ աշխատանքների մասին, որոնք իրականացվել են այստեղ իմ վարչապետության տարիներին: Ես նրանց խոսքում տեսա հավատ, որ ծնվել է արվածն արձանագրելու գիտակցումից: Սակայն կցանկանայի առանձնացնել ինձ համար ամենակարեւորն այցիս ընթացքում. Տիգրանավանում եւ Աղաձորում ուխտի գնացի հենց այդ հողի համար իրենց կյանքը տված Արցախ Հովսեփյանի եւ Հակոբ Խաչատրյանի շիրիմներին, իսկ հետո եղա նրանց ընտանիքներում: Այս ամենը առավել քան պարտավորեցնող է: Եվ հավաստիացնում եմ ձեզ, որ մենք գիտակցում ենք այդ պատասխանատվության չափն ու կարեւորությունը, իսկ ապացույցը հայրենիքի զարգացման մեր տեսլականն է, որն իրականություն կդառնա բոլորիս նվիրումի ու անխոնջ աշխատանքի շնորհիվ»:

Շրջանի բնակիչների հետ իր հանդիպումներում Արայիկ Հարությունյանը նշել է, որ առավելագույնը 2-3 տարում ավարտելու են շինանյութերի ծրագիրը, ներդնելու են բնակարաշինության ծրագիր, որի շրջանակներում գյուղերում տուն կառուցողներին տրամադրվելու է 5 միլիոն դրամի օժանդակություն, եւ սկսելու են կառուցել շրջանի համար կենսական նշանակություն ունեցող Խնձորեսկ-Իշխանաձոր-Հադրութ, Բերձոր-Իշխանաձոր եւ Կովսական-Կապան ճանապարհները։ «Մենք ասում ենք՝ ունենք պատմական հայրենիք, սահմանադրորեն ամրագրված, որի ամեն մի սանտիմետրը մեզ համար ավելի թանկ է, քան մեր կյանքը»,- Իշխանաձորում անցկացված հանդիպման ժամանակ հայտարարել է Ա․ Հարությունյանը։