Եթե իրավական պետություն կառուցելու ճանապարհով ենք շարժվում, ապա պետք է խոսենք օրենքի շրջանակներում գործելու մասին՝ թե ինչ է հնարավոր անել այս կամ այն պաշտոնյայի թերացման դեպքում: Այս մասին, այսօր՝ մարտի 3-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը՝ անդրադառնալով նրան, որ զոհված զինծառայողների ծնողներն ասում են, որ բանակում կա անպատժելիության մթնոլորտ, որն էլ միջադեպերի, այդ թվում մահվան ելքով միջադեպերի պատճառ է դառնում:

«Ցանկացած պատիժ պետք է դիտարկել օրենսդրության շրջանակներում՝ լինի քրեական պատասխանատվություն, թե կարգապահական: Իհարկե, ՊՆ-ն իրավասություն ունի ամբողջ ծավալով կարգապահապան կանոնագրքին համապատասխան իրականացնելու իր գործառույթները: Այսինքն ՊՆ-ի դեպքում խոսք կարող էլինել բացառապես կարգապահապան կանոնագրքի շրջանակներում: Քրեական օրենսգրքի դրույթներն իրականացնելը արդեն իրավապահ մարմինների գործն է: Ակնկալել ՊՆ-ից իրականացնելու այնպիսի գործողություն, որի իրավասությունը չունի, ես կարծում եմ սխալ է:

Հնչում են հայտարարություններ, որ քրեածին տարրը մեր սպայական անձնակազմն է, ժամկետային զինծառայողները բարձր իրավագիտակցության մակարդակ ունեցողներ են: Այդպիսի բան գոյություն չունի, երկուստեք մենք աշխատելու տեղ ունենք: Առաջին պատասխանատվություն կրողը հենց մենք ենք»,-ասաց Գաբրիել Բալայանը:

Անդրադառնալով նրան, որ իրավապաշտպանները հայտարարություն են տարածել եւ պահանջում են իր հրաժարականը, քանի որ ինքը սպառնացել է իրավապաշտպաններին, պաշտպանության փոխնախրարն արձագանքեց. «Մենք իրոք, ունենք շատ իրավապաշտպաններ, որոնք շատ կառուցողական մթնոլորտում են գտնվում եւ բավական լուրջ ծրագրեր են իրականացնում, բայց ցավոք սրտի, ոչ բոլորն են այդպիսին:

Ես չեմ սպառնացել, եթե իմ կենսագրությունը նայեն, կտեսնեն, որ իրենցից շատերից ավելի շատ ժամանակ եմ տրամադրել մարդու իրավունքների պաշտպանությանը:

Ես այո, կարծում եմ, որ եթե դրա իրավաչափության հետ կապված խնդիր կա, իրավապահները պետք է զբաղվեն դրանով: Մասնավորապես, եթե այլ շահ է հետապնդվել, քան հանրային շահը, ապա դա պետք է համապատասխան իրավական գնահատական ստանա:

Եթե առողջ քննադատություն կա, դրա առաջին շահառուն հենց մենք ենք, բայց պետք չի հրամցնել հասարակությանը, որ բանակը, սպաներն ու գեներալները վատն են, մնացած բոլորը լավն են: Հավատացեք, մեր հասարակության շատ անդամներ շատ բան ունեն սովորելու եւ գեներալների կյանքի փորձից, եւ իրենց աշխարհայացքից, եւ իրենց կազմակերպչական հմտություններից: Այն հաղթանակները, որոնցով հպարտանում ենք, հենց այդ գեներալների շնորհիվ են տեղի ունեցել:

Ես չեմ ասում, որ մենք չունենք թերություններ այդ առումով, բայց պետք չի հասարակությանը հրամցնել, որ զինծառայողները բացասական ենթամշակույթ կրող են: Իրականում լրիվ հակառակն է»: