Վրաստանի կառավարության մարտի 2-ի որոշմամբ փոփոխություններ են կատարվել Վրաստանում նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու եւ կորոնավիրուսային նոր դեպքերին արագ արձագանքելու գործողությունների ծրագրերում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Էկոնոմիկայի նախարարի մամուլի խոսնակ Աննա Օհանյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Փոփոխությունները ներառում են նաեւ կորոնավիրուսի վարակվածության բարձր ռիսկայնություն ունեցող երկրներից Վրաստանի տարածքով սահմանային մի անցակետից մինչեւ մեկ այլ սահմանային անցակետ տարանցիկ անցնող բեռնատար փոխադրամիջոցների ուղեկցում՝ ուղեկցողի առկայություն (իրենց անձնակազմի հետ միասին)։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից որպես ռիսկային գոտի ճանաչված տարածքներում գտնված տրանսպորտային միջոցների վարորդները փոխարինվում են այլ ֆիզիկական անձով, ով չի պատկանում ռիսկային խմբին։

Մաքսային ծառայության լիազորված աշխատակցի հսկողության ներքո իրականացվում է տրանսպորտային միջոցի ամբողջական ախտահանում, իսկ բեռնատար փոխադրամիջոցի վարորդը (օտարերկրյա քաղաքացին), ով վարել է մեքենան սահմանը հատելիս, հետ է ուղարկվում կամ կլինիկական վիճակով պայմանավորված ենթարկվում է կարանտինի/ տեղափոխվում է բժշկական հաստատություն։

Այժմ համապատասխան աշխատանքներ են իրականացվում տեխնիկական լուծումների ուղղությամբ՝ վերոնշյալ որոշման իրականացումն ապահովելու նպատակով»: