Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների պատվիրակությունները մարտի 4-ին Մոսկվայում քննարկել են իրավիճակը սպառազինությունների վերահսկման, զինաթափման եւ չտարածման ոլորտում:

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ, մարտի 4-ին Մոսկվայում Ռուսաստանի Դաշնության նախագահության ներքո ՀԱՊԿ անդամ պետությունների միջեւ խորհրդակցություններ են անցկացվել «Սպառազինությունների վերահսկման, զինաթափման եւ չտարածման արդի հիմնահարցերի մասին»: Բացի ՀԱՊԿ անդամ երկրների պատվիրակություններից, խորհրդակցություններին մասնակցում էին նաեւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Ալիմբայ Սուլթանովը եւ կազմակերպության քարտուղարության աշխատակիցները:

«Տեղի է ունեցել արդյունավետ եւ հանգամանալից քննարկում` ընթացիկ խնդիրների եւ սպառազինությունների վերահսկման, զինաթափման եւ չտարածման ոլորտում իրավիճակի զարգացման հեռանկարների վերաբերյալ: Մասնակիցները համեմատել են հրթիռամիջուկային սպառազինությունների կրճատման եւ սահմանափակման կոնկրետ ասպեկտների, սպառազինությունների վերահսկման, զինաթափման եւ չտարածման ոլորտում առկա միջազգային պայմանագրերի եւ համաձայնագրերի կատարման եւ ամրապնդման վերաբերյալ մոտեցումները»,- նշվում է ՌԴ ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ:

Խորհրդակցությունների ընթացքում «հաստատվել է ՀԱՊԿ անդամ երկրների պատրաստակամությունը շարունակել հավաքական ջանքերը` բոլորի համար հուսալի, հավասար եւ անքաքտելի անվտանգության միջազգային համակարգի կառուցման, միջպետական հարաբերություններում վստահության եւ փոխադարձ հարգանքի վերականգնման ուղղությամբ, ինչպես նաեւ սպառազինությունների վերահսկման, զինաթափման եւ չտարածման հարցերով հետագայում դիրքորոշումների համեմատություն եւ համակարգում իրականացնել՝ ի շահ ամուր խաղաղության եւ միջազգային անվտանգության ամրապնդման»,- հավելել են գործակալությունում: