«Վստրեչի Ապեր» մականունով հայտնի Արամ Վարդանյանի ու նրա հարազատների տներում կատարված գործողությունների արդյունքում բերման են ենթարկել Արամ Վարդանյանի որդուն եւ 2 քաղաքացու, 2 քաղաքացի էլ  ձերբակալվել է, որից մեկը Վարդանյանի եղբորորդին է, մյուսը՝ հարեւանը: Այս մասին այսօր՝ մարտի 5-ին, լրագրողների հետ զրույցում հայտնեց Վարդանյանի փաստաբան Լուսինե Սահակյանը։

Մինչեւ դեպքին անդրադառնալը Լուսինե Սահակյանը նշեց, որ վերջին ժամանակներում Արամ Վարդանյանի մտերիմներին բերման են ենթարկում առանց որեւէ հիմնավորման.

«Արամ Վարդանյանի շուրջ ծավալվող իրադարձությունների հետ կապված 50-ից ավելի բերման ենթարկելու դեպք ենք ունեցել։ Երբ անձինք որեւէ առնչություն են ունեցել Արամ Վարդանյանի հետ… հարազատ, բարեկամ հայտնվել են տեսադաշտում, նրանք բերման են ենթարկվել՝ մտացածին հիմքերով, իբրեւ զենք-զինամթերք պահելու կասկածանքով։ Այս ամենը տեղի ունեցավ, երբ վարչապետը հայտարարում էր՝ բոլորին պետք է ասֆալտներին փռել։ Մենք այդպես էլ չհասկանանք՝ ում էին ուզում ասֆալտին փռել, որովհետեւ այն անձինք, որոնք բերման էին ենթարկվում որեւէ առնչություն չունեին քրեական ենթամշակույթի հետ»,- պատմեց փաստաբան Սահակյանը։

Լուսինե Սահակյանը պատմեց, որ Արամ Վարդանյանի տանը ոստիկանները խուզարկություն են իրականացրել առանց դատարանի թույլտվության. «Սա իրականում խուզարկություն էր, բայց պետք է լիներ դատարան թույլտվությունը, եւ այդ ամենը պետք է արվեր սեփականատիրոջ ներկայությամբ, ոչ թե սեփականատիրոջը բերման ենթարկեին»։

«Այս ամենն արդեն գազանության հասավ երեկ գիշեր՝ 02։00-ից հետո հարյուրավոր ոստիկաններ շրջապատել էին բոլոր տների տարածքները, եւ կրկին հարյուրին մոտ ոստիկաններ պատերի վրայով ներխուժում էին տներ։ Ոստիկանները կոտրել են ապակին, նույնիսկ չեն սպասել, որ անձինք դուռը բացեն։ Նրանք չեն ներկայացրել իրենց պահանջը։ Պարզեցինք՝ իբրեւ ձերբակալման որոշում են ունեցել ոստիկանները։ Մենք նույնիսկ տեղյակ չենք՝ ինչ գործի մասին են խոսում իրենք։ Մեզ ոչինչ չի ներկայացվել, մենք եղել ենք Ոստիկանությունում, պահանջել ենք, որ բացատրություն տրվի, թե ինչու են ներխուժել տները, մեզ բացատրություն չի տրվել։ Նրանց հայտնվելուց 15 րոպե հետո մենք եղել ենք այստեղ։ Մեր ներկայությամբ ոստիկանները կոտրում էին այս ամենը։ Երբ հարցնում էինք՝ ինչ նպատակով են նրանք հայտնվել այստեղ, արդյոք սանկցիա ունե՞ն, թե՞ ոչ, մեզ որեւէ մեկը չի պատասխանել»,- ասաց նա։

Փաստաբան Սահակյանը հայտնեց, որ երեկվա գործողությունները տեսանկարահանվել են, հետագայում կտարածեն կադրերը։

Նա նշեց, որ ոստիկանների հետ էր նաեւ Էրեբունու ոստիկանապետը, որը չի պատասխանել փաստաբանների հարցին՝ ինչո՞ւ են խուզարկություն իրականացնում Վարդանյանի տանը։

Լրագրողի դիտարկմանը, գուցե դա առնչություն ունի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող լրատվամիջոցում տպագրված այն հոդվածի հետ, որտեղ նշվում էր՝ վարչապետի ընտանիքի դեմ քարոզչական արշավ է սկսվել, և նշվում էր նաեւ Վարդանյանի անունը, Սահակյանը չբացառեց նաեւ դրա հետ եղած կապը. «Չեմ ուզում գուշակություններ անել, բայց ժամանակագրական իմաստով գուցե կարող են իրար հետ կապված լինել։ Վարդանյանի համար անհասկանալի էր, թե ինչու էր իր անունն այնտեղ հայտնվել։ Եվ ինչ նպատակով է հատկապես ինքը հետապնդվում»։

Նշենք, որ NEWS.am-ի հետ զրույցում Ոստիկանության լրատվության ծառայությունից նշել էին, որ Արամ Վարդանյանին կոնկրետ քրեական գործի շրջանակներում են ոստիկանության ծառայողները գործողություններ իրականացրել՝ ունենալով նախաքննական մարմնի` անձին ձերբակալելու մասին որոշում:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ փաստաբաններ Լուսինե Սահակյանն ու Երվանդ Վարոսյանն  իրենց ֆեյսբուքյան էջերում հայտարարություն էին տարածել՝ նշելով. «Այսօր՝ գիշերը ժամը 02.40-ի սահմաններում, Ոստիկանության հարյուրավոր աշխատակիցների կողմից տեղի է ունեցել հարձակում Արամ Վարդանյանին եւ նրա հարազատներին պատկանող Արցախի փողոցի 17 հասցեում գտնվող տների վրա:

Ոստիկանության հարյուրավոր աշխատակիցներ շրջափակել են նշված հասցեում գտնվող բազմաթիվ տները, ապօրինի, առանց թույլտվության, ոչինչ չբացատրելով, որեւէ փաստաթուղթ չներկայացնելով, կոտրելով դռներն ու պատուհանները, հատուկ սարքերի միջոցով կտրելով ճաղավանդակները, ներխուժել են նշված տները, որի ընթացքում նաեւ կատարել հափշտակություն։ Անգամ տանը մանկահասակ երեխայի առկայությունը չի կանգնեցրել ոստիկաններին շարունակել զենքի օգտագործմամբ ապօրինությունները, որի հետեւանքով երեխայի առողջությանը պատճառվել լուրջ վնաս»։