Փարիզի քաղաքապետի ընտրություններում որպես թեկնածու առաջադրված Ռաշիդա Դաթին սերտ կապեր ունի Ադրբեջանի իշխանությունների հետ: Այս մասին Marianne օնլայն հարթակում հրապարակված հոդվածում ահազանգում են Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի նախագահ Մուրադ Փափազյանը, «Nouvelles d’Arménie» ամսագրի գլխավոր խմբագիր Արա Թորանյանը և Իլ դե Ֆրանսի քաղաքային խորհրդի անդամ Պատրիկ Կարամը:

Հոդվածում նշվում է, որ Դաթին հայտնի է ավտորիտար և ոչ ժողովրդավար Ադրբեջանի իշխանության հետ իր սերտ կապերով: Նա եղել է Ադրբեջանի բարեկամների ասոցիացիայի անդամ, որը համարվել է Ֆրանսիայում «խավիարային դիվանագիտության» գլխավոր գործիքը:

«Արժե՞ հիշեցնել, որ մադամ Դաթին, որը հայտարարում է Բաքվին իր սատարման մասին, դեմ է արտահայտվել 2017թ. Եվրախորհրդարանում հետաքննությանը` եվրոպացի քաղաքական գործիչների վրա Ադրբեջանի կողմից անօրինական միջոցներով ճնշում գործադրելու հարցով»,- նշված է հոդվածում:

Ռաշիդայի մտերմությունն Ալիևի ռեժիմի հետ վառ արտահայտվել է նրա կողմից 2011թ. Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիևայի պատվին կազմակերպված մեծ խնջույքի ընթացքում: Փարիզի քաղաքապետի թեկնածուն հատկապես 2016թ. Ադրբեջանի կողմից սանձազերծված ապրիլյան պատերազմից հետո հանդես է եկել Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերի դեմ հայտարարություններով:

Հոդվածի հեղինակները հույս են հայտնել, որ Ռաշիդա Դաթին կդադարեցնի Ադրբեջանի իշխանությունների հետ իր արտոնյալ հարաբերությունները: