Քրդական խնդրի հարցով Թուրքիայի քաղաքականությունը նրա համար ավելի ու ավելի քիչ իրատեսական է դառնում, եւ եթե Անկարան շարունակի Սիրիայի դեմ մարտական գործողությունները, ապա այդ շանսերն ընդհանրապես կանհետանան: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Համաշխարհային տնտեսության եւ միջազգային հարաբերությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող Վիկտոր Նադեին-Ռաեւսկին: 

Նա նկատեց, որ Էրդողանը դա հասկանում է, եւ այդ պատճառով որոշել է դադար վերցնել եւ չբարդացնել իրավիճակը:

«Ռուսաստանը չի հրաժարվում Սիրիայի աջակցությունից, այդ պատճառով Թուրքիայի գործողությունների կարող էին նրան փակուղու առաջ կանգնեցնել: Եվ այդ պատճառով Անկարան ստիպված եղավ փոխզիջման գնալ»,- նշեց Վիկտոր Նադեին-Ռաեւսկին:

Նա պարզաբանեց, որ բանակցությունների գլխավոր նպատակը հետագա առճակատումը բացառելն էր: «Թե որքանով կպահպանվեն համաձայնագրի պայմանները, ցույց կտա ժամանակը»,- եզրափակեց ռուս փորձագետը:    

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի ղեկավար Թայիփ Էրդողանը հինգշաբթի օրը Մոսկվայում կայացած բանակցությունների ընթացքում պայմանավորվել են հրադադարի եւ մի շարք այլ միջոցառումների մասին, որոնք ուղղված են իրավիճակի կարգավորմանը սիրիական Իդլիբ նահանգում: Նրանց կողմից ձեռք բերված պայմանավորվածությունները նախատեսում են, որ Իդլիբում ռազմական գործողությունները շփման ողջ երկայնքով դադարեցվելու են մարտի 6-ին: Մարտի 15-ից Ռուսաստանի Դաշնությունն ու Թուրքիան կսկսեն համատեղ պարեկային ծառայությունները M4 մայրուղու վրա, որի երկայնքով անվտանգության միջանցք կստեղծվի: Մոսկվան եւ Անկարան վերահաստատել են իրենց աջակցությունը Սիրիայի ինքնիշխանությունը պահպանելու վերաբերյալ եւ պայմանավորվել են շարունակել վճռական պայքարը ահաբեկչության դեմ: