Սաուդյան Արաբիայի թագավորի կրտսեր եղբայր, արքայազն Ահմեդ բեն Աբդել Ազիզ ալ Սաուդը, որը Էր Ռիադում ձերբակալվել էր մարտի 6-ին, հանդես է եկել թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանին գահը հանձնելու դեմ, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով լիբանանյան Al-Akhbar թերթին։

Նրա տեղեկատվության համաձայն, 77-ամյա արքայազն Ահմեդը Երդմնակալության խորհրդի այն երեք անդամներից էր, որը բացահայտ իր առարկություններն է հայտնել այդ մասին թագավորին։ «Ես չեմ սատարի այդ քայլը»,- արքայազնի խոսքերն է մեջբերում թերթը։

Ինչպես նշում է Al-Akhbar-ը, միապետի կրտսեր եղբայրը, ինչպես նաեւ ինքը թագավորը եւ նրա որդին, պատկանում է Սուդեյրի ազդեցիկ կլանին, այդ պատճառով դիտարկվում է որպես թագի իրական հավակնորդ։ «Արքայազն Ահմեդը նախկինում նման մտադրություններ չի հայտնել՝ հաշվի առնելով, որ չունի ուժեղ բնավորություն եւ առողջություն»,- գրում է թերթը։

Սաուդական ընդդիմադիր աղբյուրների համաձայն, որոնց վրա հղում է կատարում թերթը, մարտի 5-ին արքայազն Ահմեդը վերադարձել է բազեի որսից եւ այդ առիթով երեկույթ կազմակերպել իր մտերիմ շրջապատի համար։ Անսպասելի ընդունելության ժամանակ նրան հայտնել են, որ հաջորդ օրը թագավորն ուզում է տեսնել իրեն։ Ընդդիմության տվյալներով՝ Ահմեդը մարտի 6-ին հենց պալատում կալանավորվել է պետական դավաճանության մեղադրանքով։